Ֆյուլեն Ուկրաինայի փրկությունը ԵՄ-ին անդամակցության մեջ է տեսնում

Ընդլայնման և հարևանության հարցերով եվրահանձնաժողովի ղեկավար Շտեֆան Ֆյուլեն Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է շրջադարձային լինել ՈՒկրաինայի համար:

«Եթե մենք լրջորեն ցանկանում ենք օգնել Եվրոպայի այդ մասի վերափոխումներին, ապա Ասոցիացման համաձայնագիրը միայն առաջին քայլն է: Հաջորդ քայլը պետք է թունելի վերջում լույսը լինի: Դուք Ուկրաինայից փոփոխությունների չեք կարող սպասել, եթե գործի չդրվի ԵՄ-ի ընդլայնման հզոր գործիքը»,— Ֆյուլեի խոսքերն է մեջբերում EUobserver-ը:

Ուկրաինական ճգնաժամը հայտնվել է Մյունխենյան համաժողովի ուշադրության կենտրոնում: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է.«Ուկրաինայի ապագան չպետք է կախված լինի մեկ երկրի դոմինանտությունից և չպետք է լինի հարկադրանքների առարկա: Այս պահին ոչինչ այնքան կարևոր չէ, որքան Ուկրաինայի դեմոկրատական ապագայի համար պայքարը»:

Ի պատասխան ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր արևմտյան գործընկերներին հիշեցրել է, որ փողոցային ակարգություններ հրահրելը չի նպաստում Ուկրաինայի դեմոկրատացմանը:

Միևնույն ժամանակ եվրոպացի պաշտոնյանների շրջանում Ուկրաինայի վերաբերյալ միասնական կարծիք չկա: Նրանցից ոմանք առաջարկում են ուկրաինացի քաղաքական գործիչների նկատմամբ սանկցիաներ կիրառել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում