Ադրբեջանի ԿԲ-ի եւ Նավթի հիմնադրամի ոսկով պահուստները շարունակում են կորուստներ գրանցել
Նմանատիպ
Վերջին մի քանի տարիներին ոսկու գնի աճի միտումների ֆոնին Ադրբեջանն եւս սկսել էր իր արտարժույթի պահուստների զգալի մասը ներդնել ոսկու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով virtualaz.org-ը, վերջին 2-3 տարիներին Ադրբեջանի կենտրոնական բանկը եւ Պետական նավթային հիմնադրամը ռեկորդային քանակությամբ ոսկի են գնել: Վիճակագրության համաձայն, Պետական նավթային հիմնադրամի ոսկով պահուստն անցյալ տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ գերազանցել է 30 տոննան, իսկ ԿԲ-ինը’ մեկ տոննան:Կայքը հայտնում է, որ 2013 թ. ոսկու գնի աճը, որը շարունակվում էր 12 տարի, դադարել է, եւ տարեվերջին մեկ ունցիայի (29,86 գ) գինը, 28 տոկոսով ընկնելով, հասել էր 1202 դոլարի: Societe Generale բանկի փորձագետ Ռոբին Բհարայի խոսքով, ոսկու գինը կարող է ընկնել մինչեւ 950 դոլար, եւ մեծ թվով ներդրողներ կսկսեն ավելի շատ ազատվել դրանից, քան ձեռք բերել:
Նշվում է, որ ընթացիկ տարում ոսկու գինը մեկ ունցիայի համար կկազմի միջինը 1219 դոլար, որը 2014 թ. կտատանվի 1067-ից մինչեւ 1379 դոլարի սահմաններում: Ներկայում ոսկու մեկ ունցիան մոտ 1245 դոլար արժե:
«Անցյալ տարի նրանք, ովքեր իրենց հիմնադրամներով ներդրումներ են կատարել ոսկու մեջ, մեծ կորուստներ են ունեցել: Չնայած անցյալ տարի ոսկու գինը կտրուկ նվազել էր, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը չի ազատվել իր պահուստներից: Ընդ որում, հիմնադրամը լռություն է պահպանում այն հարցում, թե ինչքան գումար է կորցրել ոսկու գնի անկման պատճառով», -գրում է ադրբեջանական կայքը եւ հավելում, որ 2013 թ. վերջի դրությամբ ոսկու մեկ ունցիայի գինը 28 տոկոսով ընկնելու պատճառով Ադրբեջանի նավթի հիմնադրամն արդեն մոտ 9 տ, իսկ ԿԲ-ն’ մոտ 300 կգ ոսկուն համարժեք գումարն եր են կորցրել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում