Բայդենը կոչ է արել Յանուկովիչին բոլոր հնարավորություններն օգտագործել երկրում լարվածությունը թուլացնելու համար
Նմանատիպ
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, ներառյալ Կիեւին միջազգային ֆինանսական օգնություն ցուցաբերելու առաջարկները, որպեսզի թուլացնի երկրում տիրող լարվածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ, որը տարածվել է Ուկրաինայի նախագահի եւ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի միջեւ փետրվարի 4-ին կայացած հերթական հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ:Զրույցի ընթացքում Բայդենն ընդգծել է, որ «Ուկրաինայում խաղաղության եւ կայունության հասնելու միակ իրական ճանապարհը երկխոսության շարունակումն է եւ իսկական փոխզիջման հասնելը նոր կառավարության ձեւավորման նպատակով, որը կկարողանա նվաճել ուկրաինական ժողովրդի վստահությունը»:
Իր հերթին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել բարձրաստիճան միջնորդների ուղարկել ուկրաինական ընդդիմության եւ իշխանությունների բանակցություններին՝ երկրում տիրող քաղաքական ճգնաժամը լուծելու համար: Այդ մասին հայտարարել է ՈՒԴԱՌ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ նախօրյակին կայացած հանդիպումից հետո:
«Մենք քննարկեցինք Ուկրաինայի իրադրությունը: Գլխավորը ճգնաժամի լուծմանն ուղղված իրական քայլեր անելն է: Ես նշեցի, որ առաջին հերթին խորհրդարանը պետք է ընդունի 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու ակտը: Դա թույլ կտա ապամոնոպոլացնել իշխանությունը երկրում»,- ասել է Կլիչկոն:
Փետրվարի 4-ին՝ Գերագույն ռադայի նիստի ընդմիջմանը, Կլիչկոն հանդիպում է անցկացրել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում քննարկվել է հանրապետության 2004 թվականի Սահմանադրությանը վերադառնալու հարցը:
Կուսակցապետի խոսքով՝ Յանուկովիչը պատասխանել է, որ այդ հարցը պետք է լուծվի խորհրդարանում անցկացվելիք բանակցություններում, ինչպես նաեւ ընդգծել է, որ երկրի իրադրության համար պատասխանատու է նաեւ ընդդիմությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում