Ստամբուլի իշխանությունները վերադարձրել են Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցից խլված տարածքը
Նմանատիպ
Թուրքիայի հանրապետական պատմության ընթացքում հայկական համայնքից խլված ամենաարժեքավոր անշարժ գույքերից մեկը հետ վերադարձվել: Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր խորհրդի ընդունած որոշման հիման վրա Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամին է հանձնվել հիվանդանոցի շենքի դիմաց գտնվող 42 հազար 259 քառակուսի մետր զբաղեցնող տարածքը:
Ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը: Հիմնադրամների գլխավոր խորհրդի’ 2013 թվականի հոկտեմբերի 7-ի և նոյեմբերի 25-ի ժողովներից հետո 2014 թվականի հունվարի 22-ին պաշտոնապես տարածքը հանձնվել է հայկական կողմին:Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է, որ որոշումն իրենց շատ է երջանկացրել: «Տարիներ տևած մեր պայքարն ու մեր երազանքները վերջապես իրականության վերածվեցին: Թուրքիայի հայկական համայնքը շատ կարևոր սեփականության տեր դարձավ: Այս նվաճումը շատ կարևոր է մեր հիմնադրամի և հասարակության համար’ վաղվա օրվան ավելի ապահով նայել կարողանալու տեսանկյունից»,- ասել է Շիրինօղլուն’ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս գործում:
Ավելի վաղ’ 1974 թվականին Սուրբ Փրկիչ հիվանդանոցին պատկանող տարածքը խլվել էր հայկական կողմից և անցել էր Հիմնադրամների գլխավոր խորհրդի, Ստամբուլի Զեյթինբուրու և Բույուքշեհիր թաղապետարանների պատասխանատվության տակ: Ներկայում այդ տարածքում գործում են թաղամասային շուկան, ավտոկայանատեղի, ինչպես նաև բաց և փակ սպորտային հաստատություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում