Ուկրաինայի դեմ սանկցիաների հարցը չի քննարկվի Բրյուսելում
Նմանատիպ
Ուկրաինայի իրադրությունը հերթական անգամ կդառնա Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման գլխավոր թեման: Նախարարները քննարկելու են դժվարին մի հարց՝ Բրյուսելը ինչ կարող է խոստանալ Կիեւին այդպես էլ չստորագրված Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի փոխարեն, որը հանրապետության ներքին շուկան բացում է եվրոպական արտադրողների ապրանքների համար:
Դիվանագիտական աղբյուրներից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելում ԵՄ-ի մի շարք առաջատար պետությունների ներկայացուցչություններում Ուկրաինային Միությանը լիիրավ անդամակցության հեռանկարներ տրամադրելու հարց չի դրվում: Նախարարները չեն քննարկելու Ուկրաինայի պաշտոնատարների դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ զգուշանալով այն բանից, որ Կիեւը կարող է տրամադրվել Բրյուսելի հետ համագործակցության դեմ: Պատժամիջոցների հարցը նույնիսկ չի ընդգրկվել օրակարգում, չնայած Եվրախորհրդարանի առանձին պատգամավորների պահանջներին:
Նախօրյակին Կիեւում տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել Անկախության մայդան՝ մասնակցելու բողոքի զանգվածային ակցիաների սկսվելուց ի վեր տասներորդ «ժողովրդական վեչեին»: Քաղաքական եւ հասարակական գործիչների ելույթների մեծ մասը նվիրված էր բողոքավորների հետագա գործողությունների ծրագրին:
Այսպես, ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ընդդիմությունը «կօգտագործի ամեն մի հնարավորություն լուծելու տնտեսական ու քաղաքական այն ճգնաժամը, որում հայտնվել է Ուկրաինան», բայց դրա հետ մեկտեղ հասկանում է, որ «այդ ճգնաժամի համար պատասխանատվություն է կրում նա, ով իր ձեռքում կենտրոնացրել է բացարձակ իշխանությունը՝ Վիկտոր Յանուկովիչը»:
Ընդսմին, ինչպես ընդգծել է Կլիչկոն, «մարդիկ իշխանության ամբողջական վերաբեռնում են պահանջում», հետեւաբար սահմանադրական փոփոխությունների քննարկման համար կիսամյա ժամկետի վերաբերյալ իշխանությունների առաջարկություններն անընդունելի են:
«Մեր խնդիրն է՝ ունենալ նոր Սահմանադրություն, նոր նախագահ, նոր կառավարություն, նոր երկիր»,- հայտարարել է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Արսենի Յացենյուկը:
Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն դիմել է Ուկրաինայի հարավարեւելյան շրջանների բնակիչներին՝ կոչ անելով նրանց կազմակերպել այսպես կոչված Արեւելյան մայդան:
«Մենք պետք է համատեղ կազմակերպենք Արեւելյան մայդան: Այնտեղ՝ Արեւելքում, 30-40 տոկոսը քվեարկել է ընդդիմության օգտին: Այնտեղ պետք է ապստամբի Արեւելյան մայդանը»,- հայտարարել է Լուցենկոն:
Ընդդիմության ղեկավարները դիմել են «վեչեի» մասնակիցներին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել ինքնապաշտպանության ջոկատներին, զանգվածաբար պիկետել Գերագույն ռադան, երբ այնտեղ լիագումաար նիստ է անցկացվում, ինչպես նաեւ մեկժամյա գործադուլ հայտարարել փետրվարի 13-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում