Եվրոպայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրերը մշակման փուլում են
Նմանատիպ
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստական աշխատանքների հետ կապված ծրագրերի մշակման գործընթացն ընթացքի մեջ է, և մոտ օրերս այդ ծրագրերը պատրաստ կլինեն: «Արմենպրես»-ին հայտնեց Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի հաղորդակցության և կապի պատասխանատու Պետո Դեմիրճյանը: «Հայ դատի Եվրոպայի հանձնախումբն ստանձնել է Եվրոպայի տարածքում տարվելիք աշխատանքների համակարգողի դերը: Ծրագրերը քաղաքական բովանդակություն ունեն’ հստակ քաղաքական պատգամով և ուղերձով: Հստակ պատգամ ունենալ’ նշանակում է նաև պահանջատեր լինել հայկական կալվածքների վերադարձի հարցում»,- շեշտեց Դեմիրճյանը:Անդրադառնալով Չեխիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության փաստը բարձրաձայնելուն’ Դեմիրճյանը կարծիք հայտնեց, որ նախագահի ելույթին հաջորդելու է պաշտոնական ճանաչումը: «Նախագահի կողմից անհատապես ճանաչումն, անշուշտ, չի նշանակում, որ երկրի խորհրդարանը կամ օրենսդիր մարմինը նույնպես անպայման կճանաչի այն: Բայց մեր գնահատմամբ’ եթե նախագահի կողմից արվել է այդ հայտարարությունը, ապա շարունակություն կլինի նաև պաշտոնական օրենսդրական առումով»,- ասաց նա:
Կշարունակվեն նաև աշխատանքները տարբեր եվրոպական խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու ուղղությամբ: Վերջին տարիներին Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը նշանակալի հաջողությունների է հասել ցեղասպանության ճանաչման նոր բանաձևերի ընդունման գործում: Հանձնախումբն սկսել է նաև նոր հանձնախմբերի բացման գործընթացը Հայոց ցեղասպանությունը դեռ չճանաչած երկրներում: Նոյեմբերից Ռումինիայում գործում է Հայ դատի նորաբաց հանձնախումբը, որն ակտիվորեն ներգրավվել է Հայկական հարցի բարձրացման և լուծման աշխատանքներում: Մարտին ն ախատեսվում է նոր հանձնախումբ բացել Արևելյան Եվրոպայի երկրներից մեկում: Օրակարգում են ջավախքայության խնդրիներ լուծման նպատակով Եվրոպական միությունից օժանդակություն ստանալու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, օգնության հարցերը: Մեծ աշխատանքներ են տարվում Լեռնային Ղարաբաղի, որպես ազատ, անկախ և ժողովրդավար երկրի մասին եվրոպական քաղաքական շրջանակներում ճիշտ պատկերացում ստեղծելու ուղղությամբ:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները’ կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Ողջ աշխարհը 2015թ. կնշի Հայոց ցե ղասպանության 100-ամյա տարելիցը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել եւ դատապարտել են աշխարհի երկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 40-ից ավելի նահանգներ, հեղինակավոր միջազգային կառույցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում