Ադրբեջանը Ուկրաինային 1միլիարդ դոլար փող կտա

«Ադրբեջանը Ուկրաինային մեկ միլիարդ դոլար փող կտրամադրի», – Bloomberg –ի հետ հարցազրույցում ասել է Մեջլիսի պատգամավոր, ադրբեջանական կառավարող շրջանակներին շատ մոտ կանգնած Ասիմ Մոլլաձեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ EU Observer-ը հայտնել էր , Եվրամիության’ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծմանն nւղղված ծրագրին աջակցում է նաև Ադրբեջանը: Այդ ծրագրով նախատեսվում է քաղաքական ճգնաժամի լուծման դիմաց Կիևին խոշոր չափի գումար հատկացնել: Այդ ծրագիրը փետրվարի 3-ին քննարկվել էր Բրյուսելում, ԵՄ քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի նիստում: Այդ ծրագրի համաձայն’ եթե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, զիջումների գնալով, կատարի ընդդիմության մնացած պահանջները, ԵՄ-ն խոշոր չափի գումար կհատկացնի Ուկրաինային:

Տնտեսական խոր ճգնաժամի մեջ գտնվող Ուկրաինային այդ վիճակից հանելու համար Ռուսաստանը Կիևին 15 մլրդ դոլար վարկ էր հատկացրել, որի մի մասն արդեն փոխանցել է: Մոսկվան սառեցրել էր գումարի մնացած մասի փոխանցումները’ հայտարարելով, որ դա կարվի, երբ պարզ դառնա Ուկրաինայի կառավարության նոր կազմը:

Անդրադառնալով թեմային’ ադրբեջանական virtualaz.org-ը պարզաբանել է, թե ինչու է պաշտոնական Բաքուն փութաջանորեն աջակցում Ուկրաինայում իշխանությունը արևմտամետ ընդդիմությանն անցնելու հնարավորություն ընձեռող ԵՄ ծրագրին: «Ուկրաինան Ադրբեջանի ներկայիս իշխանության համար վերին աստիճանի կարևոր երկիր է, քանի որ եթե այդտեղ տեղի ունեցող գործընթացներն ավարտվեն Արևմուտքի պարտությամբ և Ռուսաստանի հաղթանակով, այդ ժամանակ Ադրբեջանի համար զգալիորեն դժվար կլինի անկախ քաղաքականություն վարելը: Սակայն, Եվրամիության’ Ուկրաինայի հետ կապված ծրագրում Ադրբեջանի տեղ զբաղեցնելը խիստ ռիսկային քայլ է երկարատև ազգային շահերի տեսանկյունից»,- նշում է ադրբեջանական կայքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում