Ստեփանակերտը ողջունում է ԵԱՀԿ համանախագահի` ԼՂ հակամարտության բանակցային լիարժեք ֆորմատը վերականգնելու առաջարկը
Նմանատիպ
Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը հայտարարել է’ պահանջելով Ստեփանակերտի վերադարձ բանակցությունների սեղանին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, միջնորդները եւս հանգում են այն եզրակացության, որ առանց Արցախի լիարժեք մասնակցության, անհնար է ակնկալել խնդրի կարգավորում: «Այս մասին հայտարարվել է բազմիցս եւ հիմա տեսնում ենք, որ բոլորն էլ հանգում են այդ մտքին: Եթե ԱՄՆ համանախագահը խոսում է այդ մասին, ապա կարելի է որոշակի տեղաշարժեր ակնկալել բանակցություններից: Ջեյմս Ուորլիքի գրառումը դիտարկում ենք սկզբունքային եւ կարգավորման փիլիսոփայությանը վերաբերող հայտարարություն, որը, բնականաբար, Ստեփանակերտում ողջունում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը չի բացառում, որ համանախագահի հայտարարությունը Ադրբեջանում կընդունեն սվիններով եւ բողոքի քայլերը չեն ուշանա: «Նրանք վաղուց են արշավ ձեռնարկել’ փոխելու Մինսկի խմբի համանախագահության կազմն ու ձեւաչափը եւ չի բացառվում, որ հիմա էլ նման հայտարարություններով հանդես գան: Սակայն, ինչ էլ լինի, Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին անխուսափելի է: Կգա մի պահ, երբ կվերականգնվի լիարժեք բանակցային գործընթացը: Բոլորն էլ հասկացել են, որ իրավիճակը չի կարող կայունանալ, եթե Ստեփանակերտը բանակցող կողմ չէ»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Փետրվարի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման լիարժեք ֆորմատի վերականգնման ցանկություն էր հայտնել: «Հունաստանի և Թուրքիայի կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են հիմնախնդրի երկարաժամկետ կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ուորլիքը: ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է թողել. «Մենք համաձայն ենք Ջեյմս Ուորլիքի հետ, որ ժամանակն է վեր ականգնել լիարժեք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ գործընթացը սկսվեց 1994-ին Բիշկեքում կնքված զինդադարից: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ: Ներկայում բանակցություններն ընթանում են 2007թ. նոյեմբերին համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Հայաստանը համոզված է, որ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացումն անհնար է առանց բանակցություններին հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում