Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը չեն փակել Ադրբեջանի խնդրանքով. «Տրանսնեֆտ»
Նմանատիպ
Ռուսաստանյան «Տրանսնեֆթ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Դեմինը հայտարարել է, որ Բաքու-Նովոռոսիյսկ նավթատար խողովակաշարը կշարունակի գործել Ադրբեջանից նավթի փոխադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմի խնդրանքով: Այս հայտարարությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Դեմինն արել է ՌԲԿ-ին տված հարցազրույցում:
«Մենք արդեն պատրաստվում էինք փակել փականները, բայց անցյալ շաբաթվա վերջին ադրբեջանական կողմը խնդրեց երկարաձգել պայմանագիրը, որի գործողության ժամկետն ավարտվում է 2014 թ. դեկտեմբերի 14-ին: Ներկա պահին մենք բանակցություններ ենք վարում մինչ այսօր գործող միջկառավարական պայմանագրի փոխարեն առեւտրային պայմանագիր կնքելու շուրջ», -ասել է նա:
Իգոր Դեմինը հավելել է, որ կողմերը դեռեւս պետք է լուծեն նավթի փոխադրման ծավալների, գների, մատակարարվող նավթի որակի հետ կապված բազմաթիվ հարցեր: Բացի այդ, «Տրանսնեֆթ»-ի ներկայացուցիչը նշել է, որ ապագա պայմանագիրը պետք է նախատեսի երաշխիքներ’ կապված SOCAR-ի կողմից նավթի հաստատված ծավալների մատակարարման հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանն անցյալ տարի միակողմանիորեն դադարեցրել էր Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթ փոխադրելու վերաբերյալ 1996 թ. ստորագրված համաձայնագիրը: SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն էլ իր հերթին հայտարարել էր, որ այլեւս ձեռնտու չլինելու պատճառով դադարեցնելու են այդ խողովակաշարով նավթի արտահանումը եւ նավթի այդ բաժինն ուղղելու են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար խողովակաշար:
Ադրբեջանական virtualaz.org կայքը հայտնել էր, որ SOCAR-ի կողմից խողովակաշարի հետ կապված նախկին որոշումը փոխվելու հետեւում քաղաքական հարցեր կան: «Այդ խողովակաշարով նավթի փախադրումը, տարանցման դիվերսիֆիկացիայի հետ, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ էներգետիկական համագործակցության երեւութականություն էր ստեղծում: Պաշտոնական Բաքուն չի ցանկանում լրացուցիչ խնդիր ստեղծել Մոսկվայի հետ, եւ ուզում է ցույց տալ, որ բոլոր դեպքերում հետաքրքրված է նոր համաձայնագիր ստորագրելու մեջ», -նշում է կայքը:
Ավելի վաղ խոսվում էր նավթը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով թուրքական Ջեյհան նավահանգիստ փոխադրելու մասին, ինչին դեմ էր արտահայտվել «Տրանսնեֆտ»-ի նախագահ Նիկոլայ Տոկարեւը, եւ կողմ’ «Ռոսնեֆտ»-ի նախագահ Իգոր Սեչինը, ով համարվում է Կրեմլի «գորշ կարդինալը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում