ԵԱՀԿ ԽՎ-ի էստոնական պատվիրակության անդամները նամակով դիմել են Ալիևին

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 23-րդ նստաշրջանին ընդառաջ, որը պետք է անցկացվի Բաքվում այս տարվա ամռանը, ԵԱՀԿ ԽՎ-ում էստոնական պատվիրակության անդամներ Յուկու Կալլեն Ռեյդը և Օլգա Սոտնիկը բաց նամակ են հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում կոչ են արել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը’ հղում կատարելով ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայությանը:
«Շատ ցավալի է, որ վերջին տարիներին մարդիկ են ձերբակալվել, որոնք արտահայտել են իրենց կարծիքը Ադրբեջանում իրենց հիմնարար իրավունքներն իրականացնելու առիթով: Էստոնական պատվիրակությունը կոչ է անում ներում շնորհել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներին մինչև Բաքվում ԵԱՀԿ ԽՎ նիստի անցկացումը», -նշվում է դիմումում: Էստոնացի պատգամավորները նշել են, որ ԵԱՀԿ ԽՎ շատ անդամներ համարում են, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներին ներում շնորհելը մեծ քայլ կհանդիսանա այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում:
Ադրբեջանի խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Ադրբեջանում 97 քաղաքական կալանավորներ և 38 «խղճի բանտարկյալներ» կան: 116 մարդու նկատմամբ դատարանը վճիռ է կայացրել, 12 մարդու գործերը գտնվում են դատարանում, ևս 6 մարդու նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
Իրավապաշտպանը նաև հիշատակել է մարդկանց անուններ, որոնց նա համարում է քաղաքական կալանավորներ: Մասնավորապես, Լեյլա Յունուսը նշել է Թոֆիգ Յագուբլուին, Իլգար Մամեդովին, Յադիգյար Սադըգովին, Անար Մամեդլիին, Գուրբան Մամեդովին, Խալիլ Մամեդովին, Ռաշադա Ռամազանովային, Ավեզ Զեյնալովին, Թալե Բաղիրովին, Մովսում Սամեդովին և «Նիդա» շարժման անդամներին: Իրավապաշտպանը նշել է, որ բոլոր նրանք բանտարկվել են շինծու մեղադրանքներով այն բանի համար, որ համարձակվել են քննադատել իշխանություններին:
Լեյլա Յունուսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի գծով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտին և Ջոզեֆ Գրեխին սրիկաներ եւ ստորներ էր անվանել: Եվրոպացի խորհրդարանականներին բացահայտ վիրավորելու պատճառ է դարձել այն, որ ադրբեջանցի իրավապաշտպանը համաձայն չէ «քաղաքական բանտարկյալ» հասկացողության նկատմամբ վերջիններիս դիրքորոշման հետ: Ագրամունտն ու Գրեխն ավելի վաղ դեմ են հանդես եկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին ԵԽԽՎ նախկին զեկուցող Քրիստոֆեր Շտրասերի պատրաստած բանաձևին, ինչն էլ պատճառ էր բանաձեւը վեհաժողովում չընդունվելու համար:
Իր հերթին, Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղաքական բանտարկյալներ առկայությունը, և նշում, որ վերոհիշյալ բոլոր մարդիկ պատիժ են կրում կատարած հանցագործությունների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում