Ռուսաստանը ավելացրել է ադրբեջանական նավթի փոխադրման ծախսերը
Նմանատիպ
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և ռուսաստանյան «Տրանսնեֆտ»-ը Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման վերաբերյալ փետրվարի 18-ին նոր փոխշահավետ կոմերցիոն պայմանների հիման վրա համաձայնագիր են ստորագրել: Այս մասին, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտնել է Caspian Barrel-ը’ հղում կատարելով SOCAR-ի աղբյուրներին:
Նշվում է, որ նոր համաձայնագրով Ռուսաստանը ավելացրել է ադրբեջանական նավթի փոխադրման ծախսերը, մանրամասները դեռևս չեն բացահայտվում: 2007 թ. Մինչև այժմ «Տրանսնեֆտ»-ը ադրբեջանական նավթը Ռուսաստանի տարածքով փոխադրում էր մեկ տոննան 15,67 ԱՄՆ դոլարով: Որոշ ժամանակ առաջ Ռուսաստանը հայտարարել էր, որ մտադիր է 2 անգամ ավելացնել փոխադրման սակագինը: SOCAR-ը նոր տարիֆների մասին տեղեկություն չի հայտնում:
Նոր համաձայնագիր ստորագրելուց մեկ օր առաջ ևս SOCAR-ը հայտարարել էր, որ հրաժարվում է նավթ փոխադրել Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով և այսուհետեւ իր նավթը փոխադրելու է միայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով: Ադրբեջանի պետական նավթային ընկերության կողմից որոշումը նման արագությամբ փոփոխելու պատճառները հայտնի չեն:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Մաքսային միություն և Եվրասիական միություն ստեղծվելու հետ կապված նոր աշխարհաքաղաքական և տնտեսական զարգացումներից ելնելով’ Ադրբեջանը դժվար թե փորձի Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելու ևս մեկ առիթ ստեղծել:
Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով նավթի փոխադրման վերաբերյալ 1996թ.ս հունվարի 18-ին ստորագրված միջկառավարական պայմանագրի ժամկետն ավարտվել էր փետրվարի 14-ին: Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի կողմից նավթի փոխադրման ծախսերը երկու անգամ բարձրացնելը չեն համապատասխանում Ադրբեջանի տնտեսական շահերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում