Ուկրաինայում ընդհատվել են բանակցությունները. Reuters

Ուկրաինայում ընդհատվել են ճգնաժամային իրադրության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները, դրանք կվերսկսվեն առաջիկա ժամերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հաղորդագրությունը:

Ինչպես նշել Է եվրոպական դիվանագիտական աղբյուրը, որին հղում Է արել գործակալությունը, բանակցությունները, որոնք շարունակվել են ողջ գիշերը, շատ դժվարին են եղել:

Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ռոդոսլավ Սիկորսկին, որոնք Կիեւում մասնակցում են Ուկրաինայի նախագահի վարչակազմում ընթացող բանակցություններին, պլանավորում են փետրվարի 21-ին եւս մեկ հանդիպում անցկացնել հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ՝ փորձելով ուղիներ գտնել ներքաղաքական սուր ճգնաժամը հաղթահարելու համար: Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկու խոսքով՝ «բանակցությունները շարունակվում են» եւ մինչեւ կեսօր ծրագրվում Է «եւս մեկ հանդիպում անցկացնել նախագահի հետ»:

Լեհաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խուսափել են լրագրողների հարցերին պատասխանելուց, սակայն, իրազեկ աղբյուրների տվյալներով, բանակցությունները «մոտենում են ավարտին»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ բանակցություններն ընթանում են ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկի, Օլեգ Տյագնիբոկի, Վիտալի Կլիչկոյի, Գերմանիայի եւ Լեհաստանի ԱԳ նախարարների, ինչպես նաեւ Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի մասնակցությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում