Կիեւի բանակցություններում կողմերը պայմանավորվել են նախաստորագրել ճգնաժամի կարգավորման պայմանագիրը

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակազմում ընթացող բանակցությունների կողմերը «պայմանավորվել են նախաստորագրել ճգնաժամի կարգավորման համաձայնագիրը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Յանուկովիչի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթի ստորագրումը սպասվում Է Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին:

«Ավարտվել են երկրում քաղաքական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց մասնակցել են ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ընդդիմության առաջնորդները, Եվրամիության եւ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները»,-ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելին վաղ Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ռոդոսլավ Սիկորսկին, որոնք մասնակցել են բանակցություններին, հայտնել են, որ փետրվարի 21-ին եւս մեկ հանդիպում Է պլանավորված հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Ուկրաինայում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկու խոսքով՝ «բանակցությունները շարունակվում են» եւ մինչեւ կեսօր ծրագրվում Է «եւս մեկ հանդիպում անցկացնել նախագահի հետ»:

Լեհաստանի եւ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները խուսափել են լրագրողների հարցերին պատասխանելուց:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում Է, որ բանակցություններն մասնակցում են ուկրաինական ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը, Օլեգ Տյագնիբոկը, Վիտալի Կլիչկոն, Գերմանիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Ռադոսլավ Սիկորսկին, ինչպես նաեւ Ռուսաստանի օմբուդսմեն Վլադիմիր Լուկինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում