Էրդողանի ելույթները վտնագավոր են որակվել երեխաների համար

Թուրքական մամուլը սկսել է անդրադառնալ իշխանությունների մասնակցությամբ ապօրինությունների, կաշառակերության, մաքսանենգության, թմրանյութերի ապօրինի վաճառքի հետ կապված բացահայտումների կոռուպցիոն սկանդալից հետո հասարակության մեջ հեղինակությունը կորցրած վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ագրեսիվ և բռնապետական հեռուստատեսային ելույթներին:

Թուրքական «Զաման» թերթն իր ընթերցողներին կոչ է արել Էրդողանի խոսելու ժամանակ երեխաներին հեռու պահել հեռուստացույցից: «Վարչապետ Էրդողանի գռեհիկ, զրպարտանք, ատելություն, սուտ և անբարո արտահայտությունները մեր երեխաների և երիտասարդների հոգեբանական առողջության և ապագայի տեսակետից վերին աստիճանի վտանգավոր են», -նշել է թերթը:

Թերթը գրում է, որ Թուրքիայի ռադիոհեռուստատեսային հանձնաժողովը պետք է հեռուստաալիքներին հանձնարարի Էրդողանի ելույթների ժամանակ էկրանների վրա +13, կամ ավելի ճիշտ’ +7 զգուշացնող նշան դնել: Թերթն իր առաջարկը կապում է «Խելամիտ խորհրդանշանների համակարգի» հետ, որը Թուրքիայում սկսել է գործել 2006 թ-ի ապրիլից: Այդ համակարգով նախատեսվում է վնասակար ազդեցություն, բռնություն, սարսափ, հեշտասիրություն բովանդակող ծրագրերի հեռարձակման ժամանակ հանդիսատեսի տարիքի սահմանափակման նշաններ կիրառել:

Թերթը նշում է, որ Էրդողանի ելույթները Թուրքիայում ուղիղ եթերով հեռարձակում են նվազագույնը 15 հեռուստաալիքներ և երեկոյան ժամերին երկարատեւ անդրադառնում մնացած բոլոր հեռուստաալիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում