Կասպից ծովում երկրաշարժերի պատճառով նավթը պակասել է
Նմանատիպ
Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Եթիրմիշլին APA TV-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Կասպից ծովում տեղի ունեցող երկրաշարժերը լուրջ վնաս են հասցնում ծովի հատակում գտնվող նավթահորերին:
«Վերջին շրջանում BP-ի զեկուցագրերում ևս ասվում է, որ Կասպից ծովում նավթը պակասում է: Ծովում տեղի ունեցող երկրաշարժերը լուրջ ազդեցություն են թողնում նավթի հանքահորերի վրա», -ասել է նա:
Կասպից ծովում երկրաշարժերը տեղի են ունենում հիմնականում մեծ խորություններում, և նավթի ամենախորը հանքահորը գտնվում է 7 կմ խորության վրա: Մասնագետը նշել է, որ Կասպից ծովում վերջին շրջանում երկրաշարժերը գրանցվել են 4-5 կմ խորության վրա, որոնք բացասական ազդեցություն են ունեցել նավթի հանքահորերի վրա: Նա ասել է, որ ծովում ոչ թե նավթը քչացել է, ինչպես պնդում է BP-ին, այլ երկրաշարժային ճեղքվածքի փլվելու արդյունքում ստորգետնյա կառուցվածքի փոփոխության հետևանքով հանքահորում գտնվող նավթը փոխում է ուղղությունը, ինչից հետո երբեմն արդեն դատարկ հանքահորերում կրկին նավթ է հայտնվում:
Եթիրմիշլին ասել է, որ մտադիր են ուսումնասիրել ծովի հատակում նավթի հանքահորերի վրա երկրաշարժերի անտրոպոգեն ազդեցությունները, ինչպես նաեւ կառուցվածքային փոփոխությունների եւ սեյսմիկ գործընթացների ազդեցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում