Դամասկոսի մերձակայքում իսլամիստական խմբավորումների տասնյակ անդամներ են սպանվել
Նմանատիպ
Դամասկոսի մերձակայքում, մասնավորապես, Ադրա քաղաքում, Յաբրուդում, Դարիայում, Խան աշ Շեյխում, Հարասթայում, Ջոբարում և Դումայում բախումների ժամանակ «Ջաբհա ալ Իսլամիա» և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման տասնյակ անդամներ են սպանվել, ոչնչացվել է նրանց զենքը և զինամթերքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը կանխել է զինյալների Յաբրուդի Ջարաջիր գյուղ մտնելու փորձը, որտեղ տեղի ունեցած բախումների արդյունքում զինյալներ են սպանվել և վիրավորվել: Յաբրուդ քաղաքի մերձակայքում և ագարակներում ականապատ մեքենա է ոչնչացվել: Զինյալների թաքստոցներ են ոչնչացվել Խան աշ Շեյխ շրջանում:
Պայքարը ապստամբների դեմ շարունակվում է նաև Հալեպում. մասնավորապես, Մրջե, Բուսթան ալ Կասր, Բանի Զեյդ, Դաուար ալ Հաուզ և հին քաղաքում զինյալները լուրջ կորուստներ են կրել:
Սինաիա քաղաքում ոչնչացվել է զինյալներին պատկանող 8 մեքենա, ևս 6-ը ոչնչացվել է Աբտին և Ջաբ աս Սաֆա գյուղերում, հավաքատեղիներ են ոչնչացվել Ժդիյդե, Քուիրս, Աաբադին գյուղերում:
Արաբական այլ աղբյուրներ տեղեկացնում են, որ սիրիական բանակը ռմբակոծություններ է իրականացնում է Յաբրուդ քաղաքի զինյալների հավաքատեղիների ուղղությամբ: Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Լիբանանին սահմանակից Արսալ և Յաբրուդ քաղաքների միջև գտնվող Ջարաբիա հովտում, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Աղբյուրը նաև նշել է, որ սիրիական բանակը 600 մետր երկարությամբ թունել է հայտնաբերել, որը Ադրա քաղաքից հասնում է մինչև Դումա:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ Կալամուն շրջանի ռմբակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել և վիրավորվել է 20-ից ավելի քաղաքացի: Աղբյուրի տեղեկացմամբ’ ռմբակոծությունը շարունակվում է նաև Յաբրուդ քաղաքի թաղամասերի և Կալամուն շրջանի Թիլալ Ռեյմա շրջանի ուղղություններով:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է շուրջ 120 հազար մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում