Հեղինակավոր Ֆրանսիական թերթում Ֆրանիայի ԱԺ պատգամավորներ կոչ են անոմ ճանաչել Արցախի անկախությունը

Սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակում է նպաստել
Հարավային Կովկասում վերջնական խաղաղությունն ամրակայմանը:

Շուտով 20 տարին կլրանա 1994թ. մայիսի 12-ից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիրը, ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի երկարատև և դաժան հակամարտության դադարեցմանը: Ըստ էության ապագաղութացման այս իրական պատերազմից ծնվեց մի նոր պետություն’ ընկած Հայաստանի և Ադրբեջանի միջև, հայկական հողերի տիրույթում, ապա և’ ռուսական, թուրքական և իրանական մշակութային սահմանագծերի միջակայքում:

Քսան տարին մի ողջ սերունդ է: Երիտասարդ ադրբեջանցիների և ղարաբաղցիների մի սերունդ, որ պետք է տեսած լիներ միայն խաղաղություն և որի անվտանգության և կյանքի անքակտելի իրավունքը պետք է ճանաչված լիներ: Սակայն ստիպված ենք նկատել, որ եթե պատերազմը ավարտված է, խաղաղությունը դեռ պետք է ձեռք բերել. հրադադարը խիստ անկայուն է մնում’ փոխադարձ ճանաչման վերաբերյալ փաստաղթի և անգամ կողմերի միջև պարզապես ուղիղ երկխոսության բացակայության պայմաններում: Այդ պայմաններում Ադրբեջանը, ինչպես և Լեռնային Ղարաբաղը զրկված են բնականոն և խաղաղ զարգացման ցանկացած հեռանկարից :

Պետք է ձեռք բերել խաղաղությունը: Դա ի սկզբանե նշանակում է, որ պետք է ճանաչել փաստերի իրողությունը և գիտակցված ու կամովին կերպով ձեռնարկել թափանցիկ երկխոսություն, որի վերջնական հեռանկարը կլինի գործած սխալների ուղղումը: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ բազմակարծության և ընդհանուր առմամբ ժողովրդավարության արտահայտությունը իրական լինի երկխոսության կողմ հանդիսացող յուրաքանչյուր պետության մեջ:

Մենք’ Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի անդամներս, հանդես ենք գալիս հանուն խաղաղության Հարավային Կովկասում’ կողմերին կոչ անելով դրսևորել իրատեսություն և պրագմատիզմ. ո՛չ սպառնալիքները, ո՛չ ռազմատենչ հռետորաբանությունը, ո՛չ պատերազմական գործողությունները չեն համոզի նախկին գաղութ եղած Ղարաբաղին վերադառնալ Ադրբեջանի «գիրկը»:

Հրադադարի հաստատումից քսան տարի անց ռազմական սադրանքների փորձերը կրկնվում են գրեթե ամեն ամիս’ Ղարաբաղում հանգեցնելով քաղաքացիական և զինվորական նոր զոհերի ադրբեջանցի զինվորների ձեռքով, որոնց հարձակումները հետ են մղվում:Այդպիսի ողբերգությունների կրկնությունը մեզ ամեն օր ավելի է հեռացնում խաղաղ գոյակցության որևէ հեռանկարից: Մեզ համար Ղարաբաղի ճանաչումը ամենևին չի նշանակում լինել Ադրբեջանի թշնամի: Ինչպես և մյուս բոլոր Ղարաբաղ այցելածները, մենք անցանկալի անձ (personae non gratae) ենք հայտարարվել ադրբեջանական վարչակարգի կողմից: Դա զավեշտալի և ապակառուցողական գործելաոճ է:

Խաղաղության ձեռքբերումը, նախևառաջ, անցյալի վերքերի բուժումն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նշանավորվել է ոճրագործություններով, որոնց վրա անհրաժեշտ է լույս սփռել: Դրանց զոհ են գնացել հայեր, ինչպես Սումգայիթում, Կիրովաբադում կամ Մարաղայում, և մեսխեթցիներ, ինչպես Խոջալուում: 1988թ. փետրվարի 27-ի Սումգայիթի ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, հանդիսացան հակամարտության դրդապատճառը: Դա, իհարկե, հանգեցրեց ձերբակալությունների և դատավճիռների մասին սովետական իշխանությունների որոշմանը, սակայն պատժվեցին բացառապես կատարողները:

Իրական կազմակերպիչները պատասխանատվության չենթարկվեցին, և այդ սպանությունների կանխամտածված լինելու հանգամանքը մնաց անտեսված: Այս է ժողովրդավարության ուժը’ վստահ լինել սեփական կարողության վրա, հիմնել անհրաժեշտ հանձնաժողովներ, որոնք կմերկացնեն պատասխանատուներին և կդատապարտեն իրական մեղավորներին’ մեղմելով ցավը և նպաստելով վերահաշտեցմանը:

Լինելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից ձեռք բերված ակնհայտ առաջընթացի ականատեսներ’ մենք ուրախ ենք տեղեկանալ, որ «Freedom House» ոչ կառավարական կազմակերպությունը մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ իր ամփոփիչ զեկույցում ներկայումս դիտարկում է այդ իրավիճակը որպես «մասնակի ազատ»: Եվ մենք լիովին համաձայն ենք պարոն Արկադի Ղուկասյանի’ ԼՂՀ նախկին նախագահի հետ, ով վերջերս նշեց, որ «հակամարտության կարգավորման նպատակը ոչ միայն թշնամանքից պաշտոնապես հրաժարվելն է, այլև երկու ժողովուրդների միջև պատմական հաշտեցման հասնելը…, որպեսզի կանխվեն ապագա հակամարտությունները», և որ «քաղաքացիական հասարակությունների միջև շփումները կարող են ճանապարհ ուրվագծել:

Մենք հույս ունենք, որ այս կոչը, որ մեր սեփական մոտեցումը արձագանք կգտնի Ադրբեջանի քաղաքացիական հասարակության շրջանում, որ նոր ուժերը, որոնք ի հայտ են գալիս այնտեղ, ի զորու են հրաժարվել ատելության քարոզչությունից և նայել ապագային: Եթե այդ ուժերն ի հայտ գան, եթե ծնվեն երկխոսության և շփումների նախաձեռնություններ, թող այդ ուժերը վստահ լինեն, որ մեր համեստ շրջանակը կլինի իրենց հենարանը և աջակիցը:

Ֆրանսուա Ռոշբլուան (կենտրոնամետ UDI)

Ռենե Ռուքե (ձախակողմյան PS)

Գի Տեսյե (աջակողմյան UMP)

 

Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռենե Ռուքեն և Գի Տեսյեն հանդիսանում են Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում