Թուրքիայի վարչապետը բժշկական հսկողության տակ է
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիվանդ լինելու եւ բժշկական հսկողության տակ գտնվելու լուրը իրարանցում է առաջացրել թուրքական սոցիալական մամուլում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական odatv.com կայքը, Էրդողանի’ բժշկական քննության տակ գտնվելու մասին լուրը Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) վերջին շրջանում ընդդիմադիր հայացքներով օրակարգում հայտնված նախկին պատգամավոր Ֆեյզի Իշբազարանը:
Նա նշել է, որ այդ մասին ինքը տեղեկացել է փետրվարի 26-ին ժամը 17:00-ից հետո: «Վարչապետը բժշկական քննության տակ է…Կուզեի, որ սուտ լիներ լուրը…Նա շատ ծանր օրեր ապրեց…Թող Ալլահը ների Թայիփ բեյի մեղքերը: Ալլահը ոչ մեկին նման ճակատագրի չարժանացնի: Նա գնաց որպես գող…Խթանիչներով հազիվ այսքան դիմացավ…Վարչապետի առողջությունը պետք է թույլ տա քաղաքականություն եւ պրոպագանդա վարել: 12-ամյա ԱԶԿ-ը պետք է վերակազմակերպվի եւ շարունակի ճանապարհը»,-Twitter-ում գրել է ԱԶԿ նախկին պատգամավորը:
Կայքը հայտնել է, որ Էրդողանի եւ որդու’ Բիլալ Էրդողանի միջեւ 1 մլրդ դոլարի հասնող կանխիկ գումարը թաքցնելու մասին հեռախոսային ձայնագրությունների’ համացանցում հայտնվելուց հետո Թուրքիայի «Ժողովրդի ազատագրության կուսակցությունը» (ԺԱԿ) վարչապետ Էրդողանին եւ Բիլալ Էրդողանին կալանավորելու պահանջով փետրվարի 26-ին հայց է ներկայացրել Անկարայի հանրապետական դատախազություն: ԺԱԿ-ը Էրդողանին մեղադրում է «կազմակերպված հանցագործությունների, կաշառակերության, իշխանությունը չարաշահելու, կոռուպցիայի, ապօրինությունների դեմ պայքարի օրենքին ընդդիմանալու, հանցագործ ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը թաքցնելու, արդարադատության վրա ազդեցություն գործելու» մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում