Քրդական կուսակցության պատգամավորն առաջարկում է Թուրքիայի քաղաքացիություն շնորհել 1915թ. այն կորցրած հայերին
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավոր Էրոլ Դորան հանդես է եկել 1915թ.-ից հետո քաղաքացիությունը կորցրած հայերին, ասորիներին եւ հույներին Թուրքիայի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու օրենսդրական առաջարկությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական Demokrathaber լրատվական կայքը, պատգամավորը գտնում է, որ անհրաժեշտ է փոփոխություն կատարել «Թուրքական քաղաքացիության օրենքում» եւ «վերադարձնել հայ, ասորի, հույն քաղաքացիների հետ միասին հանրապետության ստեղծումից հետո թուրք ժողովրդի ձեւավորման գործընթացում սխալ կիրառումների պատճառով հայրենազրկված հարյուր հազարավոր թուրքերի, արաբների, հրեաների քաղաքացիության իրավունքը», ովքեր երկրից արտաքսվել են Օսմանյան պետության կողմից 1915թ.-ի մայիսի 27-ին պաշտոնապես ընդունված եւ 1915թ.-ի հունիսի 1-ից գործողության մեջ դրված «Գաղթի օրենք»-ի համաձայն:
Պատգամավորը օրենսդրական առաջարկում նշել է հիշյալ մարդկանց քաղաքացիությունը վերականգնելու բոլոր հնարավորությունները եւ գործառույթները: Նա գտնում է, որ բոլոր նրանք, ովքեր, նոր օրենքի համաձայն, կվերականգնեն Թուրքիայի քաղաքացիությունը, պետք է իրավունք ունենան բնակվելու երկրի ցանկացած շրջանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում