Ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
Նմանատիպ
Թուրքիայի խորհրդարանում գյուլենական դպրոցներ (դերսհանեների) հետ կապված օրենքի նախագծի քննարկման ժամանակ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ ծեծկռտուք է առաջացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, արդի իսլամի գաղափարակիր դերսհանեներն արգելելու մասին օրենքի նախագծի հեղինակ, իշխող «Արդարություն եւ զարգաց ում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Սադի Բիլգիչը հարձակվել է նախագծին դեմ հանդես եկող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) իր գործընկեր Ալի Ռզա Օզթուրքի վրա: Դրանից հետո պատգամավորների միջեւ բախում է սկսվել եւ թուրք ժողովրդի ընտրյալները սկսել են բռունցքներով հարվածել իրար: Արդյունքում ԱԶԿ պատգամավոր Մեթին Քյուլունգի քիթը ջարդվել է եւ սկսել արյունահոսել: Նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել: Ծեծկռտուքի պատճառով խորհրդարանի նիստը կիսատ է մնացել:
Դերսհանեները Թուրքիայում բացել է արդի իսլամ քարոզող «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում: Այն հարյուրավոր դպրոցներ ունի աշխարհի բազմաթիվ իսլամական երկրներում: Մինչ վերջերս այդ շարժումը համարվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ի քաղաքական հենարանը: Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները երկու տարի առաջ Մավի Մարմարա նավի միջադեպի պատճառով լարվելուց հետո Էրդողանի եւ Գյուլենի միջեւ հարաբերությունները սրվել են: Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել է թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, այդ թվում վարչապետի որդու, փեսայի եւ դստեր հայտնի գործարարների հետ միասին խոշոր կոռուպցիոն գործարքների մեջ լինելը, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999թ. որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ-ում, մեծ ազդեցություն ունի թուրքական կառավարության եւ ուժային կառույցների վրա: Թուրքական խորհրդարանում ԱԶԿ-ի զգալի թվով պատգամավորներ համարվում են գյուլենական աղանդի հետեւորդներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում