ԼՂՀ վարչապետը ծանոթացել է մի շարք գյուղերի համայնքապետերի հաշվետվություններին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը մարտի 1-ին և 2-ին ներկա է գտնվել Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Վարդաձոր, Խրամորթ և Խնապատ, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների ղեկավարների՝ 2013թ. գործունեության հաշվետվությունների ներկայացմանը’ միաժամանակ հանդիպումներ ունենալով տեղի բնակչության հետ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կա պերի վարչությունից, Նախիջևանիկ և Վարդաձոր համայնքներում Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ գյուղերի ջրամատակարարման ներքին և արտաքին ցանցերը շուտով կկառուցվեն՝ կառավարության և Ֆրանսիայում հայկական համայնքի համաֆինանսավորմամբ: Մատնանշելով տեղերում կատարված աշխատանքները՝ վարչապետը, այնուամենայնիվ, գյուղի զարգացումը պայմանավորել է տնտեսական ակտիվությամբ: Այս տեսանկյունից կառավարության ղեկավարը կոչ է արել բնակիչներին հետևել հողամշակման կանոններին, ինչը կհանգեցնի բերքատվության նշանակալի աճի: Նա կոչ է արել նաև այդ ճանապարհին արդյունավետ օգտվել պետության տրամադրած աջակցությունից, որը տրվում է արտոնյալ վարկերի, սուբսիդիաների, պարարտանյութերի, սերմացուների, դիզվառելիքի և այլ միջոցների տեսքով: Վարչապետը կարևորել է նաև գյուղատնտեսության բազմազանության ապահովումը՝ խորհուրդ տալով գյուղացիներին ավելի մեծ ծավալներով զբաղվել բանջարաբոստանային կուլտուրաների և պտղատու այգիների մշակմամբ:
Կարմիր Շուկա համայնքում, բացի բնակչության հետ հանդիպումից, վարչապետ Արա Հարությունյանը ծանոթացել է 300 աշակերտի համար կառուցվող դպրոցի նոր շենքի շինարարության, ինչպես նաև բազմաբնակարանային շենքերի կառուցման պլանավորման աշխատանքներին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Կարմիր Շուկայում և Թաղավարդում ջրամատակարարման, ճանապարհաշինության, դպրոցաշինության և համայնքային կենտրոնների շինարարության ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունքներից՝ տեղեկացնելով, որ շուտով կսկսվեն նաև մանկապարտեզների կառուցման աշխատան? ?ները նշյալ գյուղերում, ինչը վերջին տարիներին գրանցված ծնելիության աճի համատեքստում ավելի արդիական խնդիր է դառնում:
Հանդիպումների վերջում բնակիչները վարչապետ Հարությունյանին են ուղղել հարցեր և առաջարկություններ՝ ստանալով համապատասխան պարզաբանումներ: Այցերի ընթացքում գործադիրի ղեկավարին ուղեկցել են արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանը և Ասկերանի ու Մարտունու շրջվարչակազմերի ղեկավարները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում