Թալիշական շարժումը կարող է կայծ հանդիսանալ ԱՀ-ում տեղաբնիկ ժողովուրդների ազգային-ազատագրական ընդվզումների համար
Նմանատիպ
Ադրբեջանում օր օրի սրվող էթնիկական բնույթի խնդիրները կարող են ի վերջո բերել «Ադրբեջանի մինիկայսրության» վախճանին:
«Մոտենում է արհեստական մինիկայսրությունների՝ խորհրդային անցյալում ստեղծված պատահական պետկազմությունների վախճանը. դրանք ոչ միայն զուրկ են «տիտղոսակիր» ժողովրդի քաղաքակրթական առավելության գործոնից, այլև ո՛չ իրավական ու պատմական հիմք ունեն, ո՛չ էլ կայսերական կառավարման փորձ ու ավանդույթ…»:
Այս տեսակետը, գնալով, ավելի արդիական և համոզիչ է դառնում:
Ինչպես գիտենք, ներկայիս Ադրբեջանի հանրապետության տարածքում ապրում են մեծ թվով բնիկ ժողովուրդներ’ թալիշներ, լեզգիներ, քրդեր, որոնց հասարակական-քաղաքական դերն ու մշակութային ինքնատիպությունը նսեմացվում է, կեղծվում են նրանց քանակական տվյալները և այլն:
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ադրբեջանական իշխանությունների կողմից խտրական վերաբերմունքի են արժանանում անգամ իրենց մայրենի լեզվով խոսելու համար:
Ակնհայտ է, որ աշխարհին իրեն որպես ժողովրդավարական պետություն ներկայացնող Ադրբեջանը բացահայտ ձուլման քաղաքականություն է վարում իր երկրի տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ:
«Ադրբեջանում բնակվող թալիշն ուզում է աշխատանքի ընդունվելիս դիմումը լրացնել իր մայրենի լեզվով, սակայն նրան չեն թողնում։ Թալիշներին խաբում են, Ադրբեջանում խաղում են թալիշների ճակատագրի հետ։ Թալիշները պայծառ ապագայի հույս չունեն, ներկայիս քաղաքականությունը, համոզված ասում եմ, տանում է դեպի ուծացում, ասիմիլյացիա։ Դրա հետևանքն այն է, որ ես ինքս էլ գերազանց չեմ տիրապետում թալիշերենին։ Մանկության տարիներին տատս ստիպում էր թալիշերեն խոսել, իսկ հայրս ընդդիմանում էր՝ ասելով՝ թալիշերեն կխոսի, կհալածեն, աշխատանք չի գտնի։ Եվ նա իրավացի էր»,-2013թ-ի սեպտեմբերի 24-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում թալիշական մագիստրոսական ծրագրի շնորհանդեսի ժամանակ ասել էր թալիշ ռազմական ու քաղաքական գործիչ, ժամանակին Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ,Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ Ալաքրամ Հումմաթովը:
Նշենք, որ Ալաքրամ Հումմաթովը, ով Թալիշ-Մուղանյան հանրապետության ստեղծման նախաձեռնողներից էր, 1993-ի դեկտեմբերի 9-ին ձերբակալվում է , այնուհետև 1996-ին նրան դատապարտում են մահապատժի, 2 տարի անց դատավճիռը փոխարինվում է ցմահ բանտարկությամբ։ Երբ հայտնի է դառնում, որ Գումմատովին պահել են վատ պայմաններում, բացառապես մենախցում, բանտարկյալը լուրջ առողջական խնդիրներ ուներ, ընդ որում տուբերկուլյոզ, հանգեցնում է Եվրախորհրդի բողոքին։ Անկախ բժշկական փորձաքննության համաձայն՝ 2004-ի սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհում Գումմատովին, միաժամանակ թալիշ գնդապետը զրկվում է Ադրբեջանի քաղաքացիությունից:
2012թ-ի հուլիսին ադրբեջանցի իրավապահները թմրանյութեր պահելու մեղադրանքով ձերբակալում են Ադրբեջանում թալիշական ազգային փոքրամասնությունը ներկայացնող «Tolishi Sedo» («Թալիշի ձայնը») թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովին:
Հիլալ Մամեդովի կինը պատմել է, որ Ադրբեջանական իշխանությունները ամուսնուն մի քանի անգամ զգուշացրել են չհրապարակել թերթը թալիշերենով:
Ավելի վաղ’ 2008-ին, հայրենիքին դավաճանելու մեղադրանքով ձերբակալել է նաև «Tolishi Sedo» թերթի նախկին խմբագիր Նովրուզալի Մամեդովը, ով 2 տարի անց բանտում մահացել է:
Վերոնշյալ օրինակներն Ադրբեջանում բազմաթիվ են, սակայն դրանք անհետևանք մնալ չեն կարող. փոքր կայծի առկայության դեպքում կարող է ազգային փոքրամասնությունների «ոտնահարված իրավունքների» կրակը բռնկվել և սպառնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Այդ կրակի համար կայծ կարող է հանդիսանալ հենց թալիշական շարժումը:
Այժմ Ադրբեջանում Թալիշ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը դինամիկ կերպով զարգանում է և, կարելի ասել, թևակոխում է նոր փուլ:
Օրերս’ 2014թ-ի փետրվարի 19-ին, Բրյուսելում կայացաած հարավկովկասյան հակամարտություններին նվիրված Եվրախորհրդարանի պատգամավորների կազմակերպած քննարկմանը մասնակցելու մեկնած թալիշ հասարակական-քաղաքական գործիչները, բարձրացրել են Թալիշստանի լիակատար անկախության հարցը՝ համարելով, որ Ադրբեջանական Հանրապետության կազմում ինքնավարության պահանջը թալիշ ժողովրդի ազգային շահերը պաշտպանելու տեսանկյունից այլևս ժամանակավրեպ է:
Պետք է նշել, որ թալիշական շարժումն Ադրբեջանում ներկայանում է երկու ազդեցիկ քաղաքական ուղղություններով’ անկախական և ինքնավարական, սական գաղափարական լուրջ առավելություն ունի անկախական թևը:
Հաշվի առնելով մեր տարածաշրջանի պատմական փորձը, թալիշ ժողովրդի’ պետականություն ունենալու ավանդույթների առկայության փաստը ‘ 1919թ. Թալիշական խանություն, 1993-ին Թալիշ-Մուղանյան ինքնավար հանրապետություն, ինչպես նաև վերջին տասնամյակում տեղի ունեցած աշխարհաքաղաքական իրողությունները, կարելի է պնդել, որ Թալիշստանի անկախության հեռանկարը ավելի քան իրական է:
Թալիշներն ունեն նաև ազգային հստակ գաղափարախոսություն, սահմանների հստակ պատկերացում, ապագայի տեսլական, սեփական ժողովրդի հնարավորությունների և ներուժի առարկայական գիտակցում և այլն:
Հրաչուհի ԱԼՄԱՍՏՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում