ԼՂՀ կառավարությունը մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչներ է սահմանել. ցանկում ընդգրկվել է Շուշի քաղաքը
Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը’ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստում սահմանվել են ԼՂՀ մշակութային տարածքների ճանաչման չափորոշիչները, հաստատվել մշակութային տարածքների ցանկը: Մշակութային են ճանաչվում այն տարածքները, որոնք ավանդաբար ստեղծում են ոչ նյութական մշակութային արժեքներ, առանձնանում են ավանդական բնօգտագործման ինքնատիպությամբ, որոնք ձեռք են բերել հոգևոր, ծիսական և պաշտամունքային նշանակություն և որոնցում առկա են պատմության, մշակույթի և բնության հուշարձաններ: Ըստ այդ չափորոշիչների’ ցանկում ընդգրկվել են Շուշի քաղաքը, Ասկերանի շրջանի Պատարա և Ծաղկաշատ, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղերը:
Գործադիրը հաստատել է 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող ԼՂՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը: Այդ աշխատանքների համար կհատկացվի 247.5 մլն դրամ:
Կառավարության հավանությանն է արժանացել 2014թ. զբոսաշրջության զարգացման ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ցանկը: Կառավարության ղեկավարը նշեց, որ այդ տարածքներում վճարովի ծառայությունները պետք է իրականացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանելուց հետո միայն, որպեսզի բնակիչները իմանան վճարների գանձման նպատակը:
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում, որի համաձայն պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գրանցման գործարքներում պետությունն այսուհետև ազատվելու է պետական տուրքի վճարից: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում նաև «Իրավական ակտերի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքներում: Նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:
Գործադիրը լրացումներ և փոփոխություններ է մտցրել մի շարք որոշումներում’ լիցենզավորման մասին ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով: