Բրյուսելում մեկնարկում է Եվրամիության արտահերթ գագաթնաժողովը
Նմանատիպ
Եվրամիությունը մարտի 6-ին կանցկացնի հանրակցության 28 երկրների պետությունների ու կառավարությունների արտահերթ հանդիպում, որոնք կփորձեն որոշել Ուկրաինայի հետ կապված հետագա գործողությունները: Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մինչդեռ պատժամիջոցների հարցում հանրակցության անդամների միջեւ սուր տարաձայնություններ են պահպանվում: ԵՄ-ի առաջատար պետությունները չեն պաշտպանում այդ միջոցները՝ զգուշանալով դրանցից ավելի շատ տուժել, քան Ռուսաստանը: Այսպես, Մեծ Բրիտանիան հավանություն չի տալիս Ռուսաստանի բանկային հատվածի դեմ պատժամիջոցներին, քանի որ դա ծանր հարված կհասցնի Լոնդոնի Սիթիի ֆինանսներին: Ֆրանսիան առայժմ պատրաստ չէ Ռուսաստանի հետ խզել իր ռազմական կապերը, իսկ Գերմանիան, որը ՌԴ-ի խոշորագույն առեւտրական գործընկերն է եւ ռուսական գազի ներմուծողը, ընդհանրապես այն կարծիքին է, որ ներկայում սպառված չեն ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիները: Բացի այդ, Եվրամիությունում կան մի խումբ երկրներ, որոնք ավանդաբար մոտ են Ռուսաստանին: Խոսքը Կիպրոսի, Հունաստանի, Ֆինլանդիայի եւ Բուլղարիայի մասին է, որոնք, մասնավորապես, զգուշանում են ռուսական խոշոր ներդրումներից զրկվելուց:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկատվության համաձայն՝ ԵՄ-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ նշվելու է, որ Ուկրաինայի իրադրությունը «սպառնալիք է Եվրոպայի խաղաղությանն ու կայնությանը» եւ պետք է «կարգավորվի ամենակարճ ժամանակում՝ քաղաքական երկխոսության ճանապարհով», պահպանելով «երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»: Եվրամիության գագաթնաժողովը նաեւ կպահանջի Ուկրաինա ուղարկել «միջազգային դիտորդների»:
Այսօր Բրյուսել է ժամանելու Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Նախատեսված են նրա հանդիպումները Եվրախորհրդարանի, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի ղեկավարների, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նախօրյակին Փարիզում Ռուսաստանի եւ եվրոպական մի շարք երկրների արտաքին գործերի նախարարների հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրոպան համակարծիք են, որ Ուկրաինայի ճգնաժամը պետք է կարգավորվի երկխոսության ճանապարհով:
«Բոլոր կողմերն այսօր համաձայնեցին, որ կարեւոր է փորձել այդ հարցերը լուծել երկխոսության ճանապարհով»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: «Ոչ մեկի օգտին չէ հետագա առճակատումը»,- արձանագրել է Քերին: Ֆրանսիայի մայրաքաղաքում Լավրովի հետ կայացած կոնսուլտացիաները նա բնութագրել է «շատ կառուցողական»:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ամփոփելով Ուկրաինայի իրադրության շուրջ Հյուսիսատլանտյան դաշինքի խորհրդի՝ մարտի 5-ին կայացած արտահերթ նիստի արդյունքները, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի խորհուրդը որոշում է ընդունել ընդլայնել համագործակցությունն Ուկրաինայի հետ, ներառյալ համատեղ զորավարժությունների անցկացումը:
Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության որոշումը «պատկանում է Ուկրաինայի ժողովրդին», ընդսմին «ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում