Վրաստանի խորհրդարանը ռուսական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Վրաստանի խորհրդարանը տևական ու բուռն քննարկումից հետո մարտի 6-ի ուշ երեկոյան բանաձև է ընդունել Ուկրաինայում ծավալվող գործողությունների վերաբերյալ, որն առաջարկել էր «Վրացական երազանք» կառավարող կոալիցիան: Բանաձևը խորհրդարանի կողմից ընդունվել է 74 ձայնով, փոքրամասնությունը՝ «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցությունից պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել: Նրանք քվեարկության են դրել բանաձևի իրենց տարբերակը, որը հավաքել է ընդամենը 27 ձայն, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ին:

Մինչ այդ մեծամասնությունից և փոքրամասնությունից պատգամավորները երկու օր փորձում էին համաձայնեցնել և քվեարկության ներկայացնել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի միասնական տեքստ: Երկու նախագծերում էլ աջակցություն էր հայտնվում Ուկրաինայի եվրոպական ընտրությանն ու ինքնիշխանությանը և դատապարտվում Ռուսաստանի գործողությունները, սակայն Ազգային շարժման առաջարկած տեքստը բովանդակում էր ավելի կտրուկ ձևակերպումներ և աջակցություն էր հայտնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն:
«Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին» ընդունված բանաձևում Վրաստանի խորհրդարանը Ռուսաստանի գործողությունները գնահատում է ագրեսիվ՝ ուղղված Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ:

Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձությունները համեմատվում են 2008 թվականին Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի գործողությունների հետ: «Այսօր Ուկրաինային նույն բանն է սպառնում»,- ասված է բանաձևում:

Վրաստանի խորհրդարանն աջակցություն է հայտնում Ուկրաինայի եվրոպական ընտրությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և դատապարտում է ռուսական կողմի գործողությունները:

Խորհրդարանը դիմում է կառավարությանը՝ շարունակելու կոնսուլտացիաները Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչների հետ և, անհրաժեշտության դեպքում, հումանիտար օգնություն ցուցաբերել Ուկրաինայի ժողովրդին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում