Ուկրաինայի իրադրության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը դարձյալ անարդյունք է ավարտվել
Նմանատիպ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին տասն օրվա ընթացքում թվով արդեն հինգերորդ անգամ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Հանդիպումն ընթացել է փակ դռների հետեւում համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի մասնակցությամբ, տեղկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի քան մեկուկես ժամ տեւած փակ քննարկումներից հետո ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ չի շփվել:
«Մենք կարծում ենք, որ ճգնաժամի խաղաղ կարգավորումը հնարավոր է»,- ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: «Գուցեեւ սա անօգուտ հանդիպում էր, բայց եթե կա հաջողության հասնելու թեկուզ մեկ տոկոս հնարավորություն, մենք պարտավոր ենք փորձել, որովհետեւ ցանկանում ենք խուսափել էլ ավելի վատթար սցենարից»,- նշել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Սիլվի Լուկասը լրագրողներին ասել է, որ խորհրդի նիստում նրա մի քանի անդամներ դեմ են արտահայտվել Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին:
Իր հերթին Համաշխարհային բանկը կարող է 2014 թվականին որպես օգնություն մինչեւ 3 մլրդ դոլար հատկացնել Ուկրաինային: Այդ մասին, ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ասված է ՀԲ-ի հայտարարության մեջ:
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ բանկը պատրաստ է «շարունակել աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին» եւ այդ երկրի կառավարությանը «կառուցվածքային բարեփոխումների համալիր ծրագրի մշակման եւ իրացման» գործում, որոնք կարող են լուծել երկրի տնտեսական կայունության հարցերը, ամրապնդել բանկային հատվածը եւ էներգետիկական ճյուղը, ինչպես նաեւ օժանդակել կոռուպցիայի դեմ պայքարին:
«Մենք պատրաստ ենք աջակցել ուկրաինացի ժողովրդին նրա համար այս դժվարին ժամանակներում եւ երկրի իրադրության շուտափույթ կայունացում ենք ակնկալում»,- հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Կիմը:
Նա նաեւ հավաստել է, որ շարեւնակվում է Ուկրաինայի օգնության ծրագրերի մշակումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում