ԵԱՀԿ-ն անօրինական է ճանաչել Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն
Նմանատիպ
Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեն, որը ինքնավարությունում նշանակված է մարտի 16-ին, հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը եւ պետք է անօրինական համարվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերը, որի հայտարարությունը հրապարակված է ԵԱՀԿ-ի կայքում:
Նրա խոսքով՝ Ղրիմի ինքնավարության աստիճանի կամ անկախության շուրջ հանրաքվեն պետք է հիմնվի Ուկրաինայի սահմանադրության վրա եւ պետք է համապատասխանի միջազգային իրավունքի սկզբունքներին: Նա կոչ է արել բոլոր շահագրգիռ կողմերին ձեռնպահ մնալ ոչ սահմանադրական գործողություններից, ինչպես նաեւ բացառել հանրաքվեին ԵԱՀԿ-ի դիտորդների ուղարկելու հնարավորությունը:
Բուրկհալտերը նշել է, որ, բացի հանրաքվեի ոչ սահմանադրական լինելուց, դիտորդներ ուղարկելու եւս մեկ խոչընդոտ է Ուկրաինայի իշխանությունների կողմից հրավերի բացակայությունը՝ նկատի առնելով այն, որ հանրաքվեին հետեւելու հրավերն ուղարկվել է ոչ թե Կիեւի, այլ Ղրիմի խորհրդարանի կողմից:
Միեւնույն ժամանակ Բուրկհալտերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է բոլոր կողմերի հետ երկխոսություն վարել Ղրիմի շուրջ ստեղծված իրադրությունից ելք գտնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում