Էրդողանի պաշտոնանկության պահանջով միտինգները Թուրքիայում վերածվել են ոստիկանության հետ բախումների
Նմանատիպ
Անչափահասի մահը, ով տուժել էր Ստամբուլում Գեզի այգու բնապահպանական ամառային բողոքի ակցիաների ժամանակ, նոր անկարգություններ է առաջացրել Անկարայում եւ Ստամբուլում: Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնանկության պահանջով երեկվանից շարունակվող միտինգները վերածվել են ոստիկանության հետ ցուցարարների բախումների:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով HaberTurk-ը, բախումներում երկու քաղաքացի լուրջ վնասվածքներ են ստացել: Ոստիկանությունը Անկարայի Քըզըլայ թաղամասում, որտեղ եւս բողոքի ակցիա է ընթանում, անվտանգության խիստ միջոցառումներ է սկսել իրագործել: Իրադարձություններին օդից հետեւում են ոստիկանական ուղղաթիռներ:
Ստամբուլի 14-ամյա բնակիչ Բերքին Էլվանը պատահաբար հայտնվել էր անցյալ տարվա ամռանը Գեզի զբոսայգում բողոքների դեմ ոստիկանական ուժերի կողմից գործադրված գազային հարձակման տակ: Նրա գլխին գազի նռնակ էր ընկել: Բերքինը հայտնվել էր կոմայի մեջ, որում նա գտնվել է գրեթե 9 ամիս: Չնայած բժիշկների ջանքերին’ անչափահաս տղան մարտի 11-ին մահացել է Օքմեյդանի հիվանդանոցում: Նա դարձել է անցյալ տարի ամբողջ Թուրքիայում տեղի ունեցած ամառային բողոքների ակցիաների 6-րդ զոհը:
Այսօր հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թուրքիայի քաղաքների փողոցներ իրենց բողոքն արտահայտելու Էրդողանի կառավարության քաղաքականության դեմ: Ակցիաների մասնակիցները պահանջել են Էրդողանի եւ ամբողջ կառավարության հրաժարականը: Թուրքական ոստիկանությունը դաժանորեն ցրել է հակակառավարական միտինգները Ստամբուլում եւ Անկարայում’ ցուցարարների դեմ օգտագործելով ջրաշիթեր, գազի նռնակներ եւ ռետինե գնդակներ:
Անցյալ տարվա մայիսին Թուրքիայում բնապահպանական նկատառումներով սկսված բողոքի ակցիաները վերածվել էին հակակառավարական ցույցերի, որոնց մասնակիցները դժգոհություն էին հայտնել իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունից, եւ պահանջել կառավարության հրաժարականը: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետուանքով 5 մարդ զոհվել, 8000-ից ավելի մարդ վիրավորվել, հարյուրավոր մարդիկ էլ ձերբակալվել էին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում