Սուխումը Յացենյուկին մեղադրել է Աբխազիայի վերաբերյալ սադրիչ հայտարարություններ անելու մեջ
Նմանատիպ
Աբխազիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել մարտի 11-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում այդ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի արած հայտարարությունների կապակցությամբ:
Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն այն կարծիքին է, որ Յացենյուկն «իրեն մի շարք ակնհայտ ստահոդ ու սադրիչ արտահայտություններ է թույլ տվել Աբխազիայի իրադրության վերաբերյալ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աբխազիայի Հանրապետությունը թեեւ ոչ մեծ, բայց կայացած պետություն է, որտեղ իշխանությունը ձեւավորվում է օրինական սահմանադրական ճանապարհով ազատ ու ժողովրդավարական ընտրությունների միջոցով, այլ ոչ թե զինված հեղաշրջումների ու «մայդանների» հետեւանքով»,- ասված է հայտարարության մեջ:
«Ի տարբերություն Կիեւի իշխանությունների, մեր երկրում հոգատար վերաբերմունք կա էթնիկական ու լեզվական բազմազանության նկատմամբ: Աբխազիայի համար անընդունելի են պետական քաղաքականության ազգայնամոլական սկզբունքները»,- նշվում է փաստաթղթում:
«Վերադառնալով Ղրիմի իրադարձություններին՝ կարծում ենք, որ ստեղծված հանգամանքներում ինքնավար հանրապետության տարածքում բնակվող քաղաքացիները իրավունք ունեն ինքնուրույն ընտրելու իրենց հետագա ճակատագիրն ու թերակղզու քաղաքական կարգավիճակը՝ ժողովուրդների ու ազգերի ինքնորոշման համապարփակ իրավունքին համապատասխան»,- ընդգծվում է հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում