Էրդողանը Ղրիմի հարցով քաղաքական խորհրդատվություններ է անցկացնում
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է Ղրիմի հարցով քաղաքական խորհրդատվություններ անցկացնել Ադրբեջանի եւ Ղազախստանի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haber7.com լրատվական կայքը:
Էրդողանը թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ասել է, որ Անկարան կշարունակի բանակցությունները Ռուսաստանի հետ’ կապված Ուկրաինայում իրադարձությունների եւ Ղրիմում անցկացված հանրաքվեի հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Ռուսաստանին կոչ է արել հարգել հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքով, Մոսկվան տարածաշրջանում միանձնյա քաղաքականություն է վարում:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւն այսօր Անկարայում հանդիպումներ է ունենում Դավութօղլուի եւ Էրդողանի հետ: Ջեմիլեւը Անկարա այցից առաջ հայտարարել է, որ «առաջավոր մարդկությունը պետք է անտարբեր չմնա ղրիմցի թաթարների ճակատագրի նկատմամբ»: Ղրիմի թաթարների առաջնորդներից Նարիման Ջալալը հայտարարել է, որ Ղրիմի թաթարների մեջլիսը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, երկյուղ է հայտնում իր հայրենակիցների անվտանգության առնչությամբ եւ սպասում է Ուկրաինայի ու միջազգային հանրության արձագանքին:
Մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի մասնակիցների 96,67 տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին: Թուրքական մամուլի համաձայն, Ղրիմի բնակչության մոտ 12 տոկոսը կազմող թաթար բնակչության զգալի մասը բոյկոտել է հանրաքվեն եւ չի մասնակցել քվերակությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում