Արցախում Մատենադարան կհիմնվի
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանին եւ ճարտարապետ Արթուր Մեսչյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում Մատենադարանի հիմնադրման եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման հետ կապված հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Մատենադարան ինստիտուտ-թանգարանի աջակցությունն Արցախում համանման ինստիտուտի ստեղծման գործում՝ նշելով, որ այն մեծապես կնպաստի պատմական արժեքների պահպանմանը եւ հայրենի ժողովրդի պատմության մասնագիտական ուսումնասիրմանը:
Ճարտարապետ Արթուր Մեսչյանը Նախագահին է ներկայացրել Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման նախագիծը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախի մայր թատրոնը, լինելով մեր հանրապետության մշակութային կարեւորագույն օջախներից մեկը, պետք է ունենա ժամանակակից չափանիշներին համապատասխանող շենքային պայմաններ, եւ այս համատեքստում կարեւորել Հայաստանի առաջատար ճարտարապետների հետ համագործակցությունը՝ այն համարելով նախատեսված աշխատանքների հաջող իրականացման նախադրյալներից մեկը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: