Էրդողանն Ալիեւից պահանջել է Ադրբեջանում վերացնել նուրսիստների ցանցը
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին եւ պահանջել ամբողջությամբ վերացնել Ադրբեջանում գործող նուրսիստների ցանցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիեւին Ադրբեջանում նորսիստների ցանցը բացահայտելու եւ նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովին աշխատանքից հեռացնելու համար, ում մեղադրում են արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի նուրսիստական շարժմանը ծառայելու եւ «նուրսիստների իմամ» լինելու մեջ:
Էրդողանի խոսքով, Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» կազմակերպությունը օրինական թուրքական կառավարության վրա իր հարձակումներում լայնորեն օգտագործել է Ադրբեջանում ստեղծած իր ցանցի հնարավրությունները:
«Ադրբեջանական նուրսիստների ցանցի ֆինանսական միջոցների հաշվին Թուրքիայում մի քանի արդյունավետ ոչ կառավարական կազմակերպություններ, հետազոտական կենտրոններ, մեդիա-կառույցներ եւ անգամ մեկ համալսարան է ստեղծվել: Այդ կենտրոնները գործում են Ադրբեջանի պետական ընկերությունների, Երիտասարդության եւ սպորտի նախարարության ֆինանսական, ինչպես նաեւ Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի գիտական աջակցությամբ: Այդ կառույցներն աջակցում են «Հիզմեթ» կազմակերպությանը, ազդեցություն գործում հասարակական կարծիքի վրա եւ ուղղորդում թուրքական կառավարության դեմ», -ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը հատուկ նշել է այդ ուղղությամբ Կասպյան ռազմավարական ինստիտուտի (HASEN) գործունեությունը:
Ալիեւի հետ հեռախոսազրույցում Էրդողանը նաեւ նշել է, որ թուրքական հատուկ ծառայությունները պատրաստել են Ադրբեջանի կառավարությունում նուրսիստների, ինչպես նաեւ նրանց կողմից Թուրքիայում ֆինանսավորվող կազմակերպությունների ցուցակը, եւ ասել, որ այդ տվյալները Ադրբեջանի նախագահի աշխատակազմ կներկայցվեն մոտ ժամանակներս:
Էրդողանը կարեւորել է Էլնուր Ասլանովին պաշտոնանկ անելով սկսված’ նուրսիստների չեզոքացման գործընթացի շարունակումը: Նա նաեւ նշել է, որ «Էլնուր Ասլանովի հովանավորը դեռեւս իշխանության մեջ է»:
«Էլնուր Ասլանովը, գտնվելով Ադրբեջանի կառավարությունում, կատարել է նուրսիստների հրամանները: Սակայն այն ուժը, որ կանգնած է եղել նրա հետեւում, դեռեսւ չեզոքացված չէ: Նուրսիստների ցանցի ամբողջությամբ վերացումը հնարավոր կդառնա միայն այդ ուժի եւ պետական կառույցներում, հասարակական կազմակերպություններում եւ ԶԼՄ-ներում նրա բազմաթիվ կողմնակիցների չեզոքացումից հետո», -ասել է Էրդողանը:
Դեկտեմբերի կեսերին թուրքական կառավարության անդամների, նրանց մերձավորների, ինչպես նաեւ Էրդողանի զավակների խոշոր կոռուպցիոն գործարքները բացահայտվելուց հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել էր, որ դրանց հետեւում կանգնած է «Գյուլենի համայնքը», որը ցանկանում է տապալել իր կառավարությունը:
Ֆեթուլլահ Գյուլենը խոշոր կրոնահասարակական «Հիզմեթ» շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող «Գյուլենի համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում