Ուկրաինացի զինծառայողները Սեւաստոպոլում զանգվածաբար լքում են ռազմածովային ուժերի շտաբը
Նմանատիպ
Ղրիմի ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները եւ Սեւաստոպոլի բնակիչները, որոնք գրավել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի շենքը, կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին:
Ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները քանդել են այն բարիկադները, որոնք ուկրաինացի զինվորականները կառուցել Էին շտաբի շենքի ներսում, եւ մտել են հարկաբաժինները:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Կիեւի ժամանակով ժամը 8:30-ին սեւաստոպոլցիները եւ ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչներն ավտոգենով կտրել են դարպասները եւ մտել Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբ: Ուկրաինացի զինծառայողները փորձել են ստեղծել շրջապատման օղակ, բայց այն ճեղքել են: Սեւաստոպոլցիները դրոշաձողերից հանել են ուկրաինական դրոշները եւ դրանց փոխարեն կախել ռուսաստանյան եւ անդրեեւյան դրոշներ:
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկի հետ բանակցությունների Է ժամանել ՌԴ-ի Սեւծովյան նավատորմի հրամանատար դերծովակալ Ալեքսանդր Վիտկոն, բայց չի կարողացել գտնել Ուկրաինայի ծովակալին:
Այս պահին ինքնապաշտպանության ուժերի ներկայացուցիչները կազմակերպել են միջանցք, որպեսզի ուկրաինացի զինվորականները կարողանան հեռանալ շտաբի տարածքից: Զանգվածային ընդհարումներ տեղի չեն ունեցել, բայց առանձին բախումներ եղել են:
Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկը Սեւաստոպոլում ժամանակավորապես ձերբակալվել Է դատախազության մարմինների կողմից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում