Օբաման ռուսների դեմ պատերազմ սկսելու անհրաժեշտություն չի տեսնում
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր երկիրը ուկրաինական ճգնաժամին ռազմական միջամտության մտադրություն չունի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք Ուկրաինայում չենք պատրաստվում ռազմական միջամտության»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ «կա ավելի լավ ճանապարհ»: «Կարծում եմ՝ նույնիսկ ուկրաինացիները կընդունեին, որ անտեղի կլիներ մարտական գործողություն սկսել ռուսների դեմ: Դա օգուտ չէր բերի նաեւ Ուկրաինային»,- ընդգծել է ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարը:
«Մենք մտադիր ենք մոբիլիզացնել մեր բոլոր դիվանագիտական ռեսուրսները» եւ «ուժեղ միջազգային» պատասխան ապահովել Ռուսաստանի գործողություններին՝ «հստակ ազդանշան» ուղարկելով Մոսկվային առ այն, որ «Ուկրաինան ինքը պետք է վճռի իր ճակատագիրը», նշել է Օբաման: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի դեմ կիրառել ավելի խիստ տնտեսական գործողություններ, քան ավելի վաղ Արեւմուտքի կողմից սահմանված պատժամիջոցները:
Մեկ այլ հեռուստաընկերության տված հարցազրույցում Օբաման կրկնել է, որ «բնականաբար մենք Ռուսաստանի դեմ իսկական պատերազմ սանձազերծելու անհրաժեշտություն չունենք» Ուկրաինայի պատճառով: «Ուկրաինան դա չի ցանկանում: Ոչ ոք դա չի ցանկանում»,- հայտարարել է Օբաման:
Մինչդեռ, ինչպես տեղեկացնում Է BBC-ն, ՄԱԿ-ում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչների միջեւ վեճ է տեղի ունեցել Անվտանգության խորհրդի նիստում, որի մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչները դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին:
ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր ելույթում հայտարարել է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է օրենսդրական նորմերին համապատասխան, եւ ղրիմցիներն իրացրել են ինքնորոշման իրենց իրավունքը:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Ղրիմի բռնակցումը համեմատել է գողության հետ եւ ասել, թե, դատելով Չուրկինի պնդումներից, նա ավելի մեծ երեւակայություն ունի, քան Տոլստոյն ու Չեխովը:
«Մենք կտրականապես դեմ ենք մեր երկրի հասցեին վիրավորական արտահայտություններին: Եթե Միացյալ Նահանգների պատվիրակությունը Անվտանգության խորհրդում մեր համագործակցությունն է ակնկալում այլ հարցերի շուրջ, ապա տիկին Փաուերը պետք է դա նկատի ունենա»,- հավելել է Չուրկինը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում