ԵՄ-ն և Ուկրաինան ստորագրել են ասոցացման համաձայնագրի քաղաքական բլոկը
Նմանատիպ
Եվրամիության՝ Բրյուսելում ընթացող երկօրյա գագաթնաժողովի շրջանակներում մարտի 21-ին ստորագրվել է Եվրամիության հետ Ուկրաինայի ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բլոկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փաստաթուղթն առաջինը ստորագրել են Եվրամիության եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Հերման վան Ռոմպյոյը եւ Ժոզե Մանուել Բառոզուն: Դրանից հետո համաձայնագիրն ստորագրել են Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ այբբենական կարգով ԵՄ-ի 28 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հիշեցնում Է, որ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագիրը սկզբնապես պլանավորվում Էր կնքել «Արեւելյան գործընկերության»՝ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում նշանակված գագաթնաժողովում: Սակայն դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի նախարարների կաբինետը՝ Նիկոլայ Ազարովի գլխավորությամբ, կասեցրեց փաստաթուղթն ստորագրման նախապատրաստելու գործընթացը:
Այդ որոշումից հետո Ուկրաինայում սկսվեցին ընդդիմության զանգվածային ելույթները, որոնք վերաճեցին իրավակարգի ուժերի հետ կատաղի բախումների եւ հանգեցրին իշխանափոխության:
Հետևեք մեզ նաև Telegram-ում