Թուրքիայում Twitter-ի արգելափակումն ավելի է խորացրել Գյուլ-Էրդողան հակասությունը
Նմանատիպ
Թուրքական կառավարության կողմից թուրք օգտատերերի համար Twitter սոցիալական ցանցի արգելափակումն ավելի է խորացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նախագահ Աբդուլլահ Գյուլի միջեւ առկա գաղափարական հակասությունները: Նախագահ Գյուլը Էրդողանի կառավարության այդ որոշման առնչությամբ հայտարարել է, որ «սոցիալական մեդիա հարթակների ամբողջությամբ փակումը հավանության արժանի չէ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com լրատվական կայքը:
Այսպիսով, Գյուլ-Էրդողան հարաբերություններում առկա հակասությունն ավելացավ եւս մեկով: Թուրքիայում Էրդողանի գլխավորած կառավարության դեմ բարձրացած զանգվածային բողոքների առնչությամբ, ինչը Էրդողանը բնութագրել էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից հովանավորվող դրսի ուժ «Գյուլենական շարժման» գործ, նախագահ Գյուլը հայտարարել էր, որ «Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններում «դրսի հետք չկա»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը անհամաձայնություն էր հայտնել երկիրն ակնհայտորեն դեպի իսլամացում տանող Էրդողանի վարած ներքին քաղաքականության նկատմամբ:
Թուրքական որոշ ԶԼՄ-ներ արձանագրում են, որ Twitter-ի արգելափակումով Թուրքիայն հայտնվեց խոսքի անազատության երկրների ցուցակում: Մասնավորապես, CNNTurk հեռուստաալիքը ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թեեւ աշխարհի շատ երկրներ պարբերաբար պայքարել են սոցկայքերի դեմ, բայց ներկայում սոցիալական կայքեր արգելափակող շատ քիչ երկրներ կան, եւ այդ քչերի մեջ արդեն իր տեղը զբաղեցրեց նաեւ Թուրքիան’ Բիրմայի Պակիստանի, Հնդկաստանի, Չինաստանի եւ Իրանի Իսլամական Հանրապետության կողքին:
«Ազատության տուն» անկախ փորձագիտական կազմակերպության 2013 թ. համար պատրաստած զեկույցում քննության է առնվել մի շարք պետությունների ազատության ինդեքսը համացանցի տիրույթում’ մասնավորապես սոցիալական ցանցերում: Ըստ այդ զեկույցի, «համեմատաբար ազատ» կատեգորիայում 60 երկրների մեջ Թուրքիան զբաղեցրել է 38-րդ տեղը:
Սոցիալական մեդիայի հետ պայքարի մեջ մտած թուրքական իշխանությունները Twitter սոցիալական ցանցը Թուրքիայի տարածքում արգելափակել են անցած գիշեր: Թուրքիայի վարչապետն ավելի վաղ հայտարարել էր նաեւ YouTube եւ Facebook կայքերը փակելու մտադրության մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում