Դիարբեքիրում ընթերցվել է Աբդուլլահ Օջալանի նամակը
Նմանատիպ
Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջանի կենտրոնը համարվող Դիարբեքիր քաղաքում Նովրուզի տոնակատարության ժամանակ ընթերցվել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջականբի նամակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» պարբերականը, նամակն ընթերցել են քուրդ պատգամավորներ Փերվին Բուլդանը և Սըրրը Սուրեյյա Օնդերը:
Նամակում Օջալանը Նովրուզի կապակցությամբ ողջունել է հավաքվածներին և բոլոր ժողովուրդներին: «Շնորհավորում եմ Մերձավոր Արևելքի և Ասիայի ժողովուրդների տոնը: Մինչև այս պահը շարունակված գործընթացը շատ կարևոր երկխոսության շրջան էր: Որպեսզի այս գործընթացից արդյունք ստանանք, անհրաժեշտ է, որպեսզի պետությունը անկեղծ քայլեր անի… Ամենից հրատապ հարցը հետևյալն է. ճանապարհը շարունակելու ենք մեկը մյուսին հետևող հեղաշրջումներով, և թե ժողովրդավարությամբ: Սա է խնդիրը»,- ասվում է Օջալանի նամակում: Քրդերի առաջնորդը կարևորել է մինչև այս տևած երկխոսությունը Թուրքիայի և քրդերի միջև: Նա ընդգծել է, որ տևական խաղաղության համար անհրաժեշտ է ձևավորել վստահության մթնոլորտ: «Խաղաղությունը պատերազմից ավելի բարդ գործընթաց է: Ամեն պատերազմ իր խաղաղությունն ունի: Դիմադրելիս մենք չվախեցանք, խաղաղություն հաստատելուց էլ չենք վախենալու: Մեր պայքարը եղբայր ժողովուրդների դեմ չէ, զուլումի կարգերի դեմ է»,- նամակում նշել է Թուրքիայի քրդերի առաջնորդը: Նա ընդգծել է, որ իրենք խաղաղության գործընթացի համար պայքարում շարունակելու են հենվել ամբողջ աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում հաստատված քրդերի վրա: «Բոլորին, ով իրեն համարում է պատասխանատու մարդկության առջև, կոչ եմ անում լինել մեր մեծ խաղաղության հիմնաքարը: Ողջունում եմ հանուն ժողովուրդների եղբայրության պատասխանատվությունը իրենց վրա վերցրած անձանց: Կեցցե Նովրուզը, կեցցե ժողովուրդների եղբայրությունը»,- եզրափակել է նամակն Օջալանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում