Հայաշատ Քեսաբը զինյալների հսկողության տակ
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող Քեսաբ գյուղաքաղաքում մարտի 23-ին հսկողություն են հաստատել զինված խմբավորումների անդամները: Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը: Սիրիական բանակը հետ է քաշվել և պատրաստվում է հակահարվածի: Աղբյուրի տեղեկացմամբ, բարեբախտաբար, տեղաբնակ հայերն անվնաս տեղափոխվել են Լաթաքիա: Աղբյուրը նաև նշել է, որ թուրքական բանակն առանց սահմանը հատելու լեռան վրայից ռմբակոծում է քաղաքը:
«Ալ Մայադին» լիբանանյան կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի կողմից պայթեցված սիրիական ռազմական օդանավն ընկել է Լաթաքիայի Բահլուլիա գյուղում: Կայքը նաև տեղեկացրել է, որ Քեսաբի մուտքի մոտ արյունալի բախումներ են ընթացել մասնավորապես քաղաքի անձնագրային և վիզաների վարչության մոտ: Տեղեկություններ կան նաև, որ զոհվել է Լաթաքիայի պաշտպանական բանակի ղեկավար Հիլալ ալ Ասադը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների’ Հայաստան ներգաղթին զուգահեռ օտարազգիներն սկսել են հաստատվել այնտեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում