Քեսաբի վրա հարձակումը ուղղված է հայերի դեմ.«France 24»
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի հայությունը էթնիկ զտումների զոհ է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ հղում կատարելով ֆրանսիական «France 24» հեռուստաընկերության կայքին, նման կարծիք է հայտնել Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում ուսումնասիրությունների և հետազոտության խմբի ղեկավար, Սիրիայի հարցերով մասնագետ Ֆաբրիս Բալոնշը: Ըստ փորձագետի, հարձակումները հայաշատ Քեսաբի վրա, որոնց արդյունքում մարտի 23-ին գյուղաքաղաքում վերահսկողություն են հաստատել զինված խմբավորումների անդամները, ուղղված են եղել հենց հայերի դեմ, և քաղաքի գրավումը հնարավոր չէր լինի առանց թուրքական իշխանությունների ռազմական օժանդակություան և «կանաչ լույսի»:
«Զենք և զինամթերք ձեռք բերելու համար ապստամբները կարիք չունեն անցնել այս սահմանով, նրանք հեշտությամբ անցնում են Թուրքմենստանի հարավային Ջեբել անտառածածկ բլուրներով: Սահմանին գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող ավանի գրավումը ենթատեքստ է, մենք գործ ունենք Քեսաբի հայերի դեմ իրականացվող էթնիկ զտումների ռազմավարության հետ»,- նշել է Ֆաբրիս Բալոնշը:
Քեսաբ քաղաքը գլխավորապես բնակեցված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից փրկված հայերով: Ավանի հինգ հազար բնակչության երկու երրորդը հայեր են, իսկ մյուս մեկ երրորդը’ ալավիներ:
Դեռ 2012 թվականի հոկտեմբերի 24-ին ֆրանսիական «Le Monde» թերթում լույս է տեսել մի թուրքմեն ապստամբի նախազգուշական հոդվածը’ ուղղված քաղաքի հայ բնակչությանը: « Քեսաբի մեր հայ եղբայրներին զգուշացնում եմ հեռանալ մինչև Սիրիական ազատ բանակի հարձակումը, հակառակ դեպքում քաղաքացիական զոհեր կլինեն, և դեռ կշարունակվեն բողոքները թուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանության վերաբերյալ»: Հաղորդագրությունը հասել էր իր նպատակին: Մինչ Ալ- նուրայի ճակատի հարյուրավոր իսլամիստ զինյալների’ Թուրքիայի տարածքով ներթափանցելը’ հայ բնակչությունը հասցրել էր փախչել Լաթաքիա:
«Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր ընտրողներին պետք է ցույց տա, որ վճռական է տրամադրված սիրիական հարցում: Խնդիրն այն է, որ դրա համար վճարում են հայերը, և սա հիշեցնում է թուրքական պատմության ամենամութ էջերից մեկը»,- ամփոփում է փորձագետը:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սնունդով:
Մինչև 1947թ. ներգաղթը Քեսաբի շրջանը եղել է ամբողջովին հայաբնակ։ Դրանից հետո Քեսաբի բնակչության պատկերն սկսել է փոփոխվել։ Քեսաբցիների’ Հայաստան ներգաղթին զուգահեռ այնտեղ սկսել են հաստատվել օտարազգիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում