Ադրբեջանում պահանջում են Ուորլիքին վռնդել Մինսկի խմբի համանախագահությունից
Նմանատիպ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից Twitter-ի իր էջում արած խոստովանությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է» եւ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի, իսկական ջղաձգություն է առաջացրել Ադրբեջանում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանցի քաղաքագետ, Ադրբեջանի նախագահի քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն aktual.az կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ «անհրաժեշտ է Ջեյմս Ուորլիքին վռնդել Մինսկի խմբում համանախագահությունից»: Ադրբեջանում դուր չի եկել, որ ամերիկյան կողմը համոզվել է, որ ղարաբաղյան խնդրի լուծման համար բանակցություններում պետք է որպես լիարժեք կողմ ընդգրկվի նաեւ պաշտոնական Ստեփանակերտը:
Երեկ virtualaz.org լրատվական կայքին տված հարցազրույցում Գուլուզադեն Ուորլիքի գրառումը բնութագրել էր «որպես «այնքան էլ արհեստավարժ չհանդիսացող դիվանագետի կողմից արված ուղերձ»: Կայքը Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին «անլուրջ եւ անգամ տխմար» է անվանել, եւ դժգոհություն հայտնել, թե ինչու է Վաշինգտոնը Մինսկի խմբում նշանակել «այդպիսի անլուրջ եւ սոցիալական ցանցերում խելքին փչածը գրող դիվանագետի»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նիդեռլանդների Թագավորություն կատարած այցի շրջանակում մարտի 23-ի երեկոյան Հաագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա վիճակին եւ հետագա քայլերին վերաբերող հարցեր:
Ուորլիքը Twitter-ում գրառել է. «Ինձ այսօր ուղղեցին. հակամարտություն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Այդուհանդերձ, մենք խաղաղ կարգավորում ենք ուզում հակամարտության բոլոր կողմերի համար»:
ՄԽ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ նշել էր, որ անհամբերությամբ սպասում է Հայաաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը: «Անհամբերությամբ սպասում եմ նախագահների եւ արտգործնախարարների հանդիպմանը’ մարտի 23-25-ը Հաագայում տեղի ունենալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին», -գրել էր Ուորլիքը, իսկ ժամեր անց նա գոհունակություն էր հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հետ հանդիպումից’ նշելով, որ երկարատեւ խաղաղության հնարավորություն կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում