ԼՂ հակամարտությունում Շվեյցարիան սպասողական դիրքորոշում չի որդեգրի
Նմանատիպ
ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով պատրաստ է ցանկացած օգնություն տրամադրել Մինսկի խմբին և ստեղծել համապատասխան պայմաններ խմբի գործունեության համար: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանն ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջելո Գնադինգերը:
Խոսելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման մասին’ Գնադինգերը նշել է, որ հանդիպման ժամանակ ինքն ընդգծել է Մինսկի գործընթացի կարևորությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ժամանակ: «Մենք հասկանում ենք, որ հակամարտության շարունակումը ողբերգության պատճառ կարող է լինել դրանից տուժածների համար, և որ այն վտանգավոր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ինչպես ընդգծել են ԵԱՀԿ նախագահ և Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը, Շվեյցարիան մտադիր չէ սպասողական դիրքորոշում որդեգրել»,-ասել է Գնադինգերը:
Նրա խոսքով, Շվեյցարիան ամբողջությամբ աջակցում է Մինսկի խմբի գործունեությունը և համագործակցում է դրա համանախագահների, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Գնադինգերը հավաստիացրել է, որ Շվեյցարիան ձգտում է ունենալ իր ներդրումը ԵԱՀԿ-ի շրջանակներում խնդրի կարգավորման, երկու երկրների դիվանագիտական և քաղաքացիական հասարակության միջև երկխոսության հաստատման համար: Նա նաև ընդգծել է, որ իրենք մեծ ուշադրություն են հատկացնում բոլոր այն նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք ուղղված են երկու կողմում վստահության մթնոլորտի վերականգնմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում