Էրդողանը մտադիր է այցելել Իսրայել
Նմանատիպ
Անկարայում գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի անձնական ներկայացուցիչ, էներգետիկայի եւ անվտանգության հարցերով հանձնակատար, Իսրայելի MOSSAD հետախուզական կազմակերպության նախկին փոխնախագահ Դեւիդ Մեյդանի միջեւ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Թարաֆ թերթը:
Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչը գաղտնի Անկարա է ժամանել կիրակի օրը թուրքական օդուժի կողմից Իսրայելի ռազմական օդանավը խփվելուց հետո եւ նույն օրը Ֆիդանի եւ Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո գաղտնիէլ հեռացել Թուրքիայից:
Ըստ թերթի, կողմերը անվտանգության հարցերի հետ քննարկել են Սիրիայում քրդական խնդրի, Միջերկրական ծովում էներգետիկայի ոլորտում Իսրայելի գործունեության մեջ Թուրքիայի դերակատարություն ունենալու հետ կապված հարցեր: Բացի այդ, քննարկվել է մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Իսրայել կազմակերպելու, իսկ դրանից առաջ երկու երկրների դեսպանատները փոխադարձաբար վերաբացելու հարցերը:
MOSSAD-ի ղեկավար Տամիր Պարդոն անցյալ հունիսին Անկարայում հանդիպել էր Հաքան Ֆիդանի հետ: Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը մարտի 25-ին հայտարարել էր, որ Իսրայելի հետ Թուրքիայի միջեւ հարաբերությունները վերականգնելու շուրջ ձեռք բերվելիք հնարավոր համաձայնության մեջ գլխավոր բաժինը պատկանում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:
Հետևեք մեզ նաև Telegram-ում