Այս անգամ Դավութօղլուն է սկանդալի կիզակետում
Նմանատիպ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ երկրի ուժային կառույցների գաղտնի խորհրդակցությունների մանրամասների հրապարակումը փաստորեն հավասարեցվում է պետության դեմ պատերազմ հայտարարելուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:Նրա խոսքով, պետությունն ամեն հնարավորը կանի նման գործողություններում մեղավորներին հայտնաբերելու եւ պատժելու համար:
Նախօրեին YouTube սոցիալական ցանցում տարածվել էր Ահմեդ Դավութօղլուի, նրա օգնական Ֆերիդուն Սինիրլիօղլուի, Ազգային հետախուզության ծառայության պետ Հաքան Ֆիդանի եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Յաշար Գյուլերի միջեւ Սիրիայում պատերազմ հրահրելու համար արհեստական առիթ ստեղծելու հնարավորության մասին խոսակցության գաղտնի երկու ձայնագրություն, որոնց հրապարակումը նոր սկանդալ է առաջացրել Թուրքիայում:
Ձայնագրության մեջ Հաքան Ֆիդանը նշում է, որ հարկ եղած դեպքում ինքը 4 մարդ կուղարկի Սիրիա, այնտեղից նրանք 8 հրթիռ կարձակեն Թուրքիայի տարածք, ինչով էլ Սիրիայի դեմ պատերազմ սկսելու հիմք կստեղծվի: Դավութօղլուն հավելում է, թե «պետք է հարձակվեինք 2012 թվականին, պետք է համարձակ որոշումներ ընդունեինք, ափսոս, որ Սիրիա չմտանք»: Այնուհետեւ թուրք գլխավոր հետախույզը հայտնում է, որ իրենք «մոտ 2 հազար բեռնատար զենք են ուղարկել Սիրիա»: Դրան հակադարձում է Յաշար Գյուլերը’ նշելով, որ «այնտեղ ոչ թե զենքի, այլ զինամթերքի կարիք կա»:
Թուրքական մամուլն այդ ձայնագրությունների հետ կապված քննադատել է կառավարությանը եւ նշել, որ, փաստորեն, նրանք «քննարկում են Սիրիայում մարդկանց գլուխներ կտրող ահաբեկիչների իշխանություն ստեղծելու հարցը»: Դրանից հետո Թուրքիայում արգելափակվել է YouTube սոցիալական ցանց մուտքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում