Սիրիայի զինված ընդդիմությունը հսկողություն է հաստատել Լաթաքիայի Նաաբին գյուղի վրա
Նմանատիպ
Սիրիայի զինված ընդդիմությունը սիրիական բանակի հետ թեժ բախումներից հետո հսկողություն է հաստատել Լաթաքիայի Նաաբին գյուղի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, տեղի ունեցած թեժ բախումների ժամանակ զոհվել են սիրիական բանակի 40 զինվորներ և զինված ընդդիմության 11 անդամներ: Բախումների ժամանակ օգտագ ործվել է ծանր զրահատեխնիկա: «Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ, այժմ թեժ բախումներ են ընթանում Լաթաքիայի Կաստալ Մաաֆ և Չալմա շրջանների մերձակայքում:Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ «Ջաբհա ալ Իսլամիա» խմբավորման 7 զինյալներ են սպանվել և տասնյակներ էլ վիրավորվել Լաթաքիայի Ջաբալ Թուրքման գյուղի վրա օդային ռմբակոծության արդյունքում:
Մի քանի օր առաջ զինված ընդդիմությունը հսկողություն էր հաստատել նաև Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայշտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում