Թուրքիայի միջոցով Քեսաբ մտած ջիհադիստները քշեցին հայերին իրենց հայրենիքից. թուրք մտավորական Սաիթ Չեթինօղլու
Նմանատիպ
Թուրք-սիրիական սահմանից երեք կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա տեղի ունեցող հարձակումները, ավերն ու թալանը ոչ այլ ինչ են, քան մինչև մեր օրերը շարունակվող ցեղասպանության դրսևորում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց հայտնի թուրք մտավորական, գրող-հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուն: «Մուսա լեռան պաշտպանության շնորհիվ ողջ մնացած հայերը Քեսաբը երկրագնդի վրա իսկական դրախտի վերածեցին: Այսօր նման գեղեցկությունը, հայ ժողովրդի աչքի լույսը, աշխատանքը ոչնչացնելու հետևանքով հայերը մի գաղթից դեպի մյուսն անհայտության ճանապարհն ընկան»,- ասաց թուրք մտավորականը: Նա ընդգծեց, որ տեղի ունեցող իրադարձությունների պատճառներից մեկը Թուրքիայի Հան րապետությունն է, որը փորձում է շարունակություն տալ այս անիմաստ պատերազմին:
«Թուրքիայի միջոցով Քեսաբ մտած ջիհադիստներն այս կողմից քշեցին հայերին իրենց հայրենիքից և ճանապարհ դրեցին դեպի անորոշություն: Ես լրջորեն մտահոգվում եմ Քեսաբում գտնվող իմ ընկերների համար: Բնակավայրը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի զրոյական կետում և այդ իսկ պատճառով թուրքական պետությունն այն օգտագործում է իբրև ցատկահարթակ»,- նշեց Չեթինօղլուն:
Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում