Ուկրաինայի նախագահի պաշտոնին հավակնում է 24 մարդ
Նմանատիպ
Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստաթղթեր եւ 2,5 մլն գրիվնայի (մոտավորապես 233 հազար դոլար) չափով դրամական գրավ է ընդունել 24 մարդուց, որոնք հավակնում են երկրի նախագահի պաշտոնին: Ընդամենը ԿԸՀ-ին դիմել է 38 մարդ, սակայն ոչ բոլորի փաստաթղթերն են ինչպես հարկն Է ձեւակերպված եղել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է լույս մարտի 31-ի կեսգիշերին: ԿԸՀ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ երկրի նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակ է ստացել արդեն յոթ մարդ՝ նախկին փոխվարչապետներ Յուրի Բոյկոն եւ Սերգեյ Տիգիպկոն, Խարկովի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Դոբկինը, գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ռենատ Կուզմինը, գործարար Վադիմ Ռաբինովիչը, Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Վալերի Կոնովալյուկը եւ «Ինտերագրոէքսպորտ» ընկերության ղեկավար Վլադիմիր Սարանովը:
Խորհրդարանական չորս խմբակցություններ՝ «Բատկիվշչինա»-ն, ՈՒԴԱՌ-ը, «Ազատություն»-ը եւ Ռեգիոնների կուսակցությունը, մարտի 29-ին անցկացրել են համագումնարներ, որոնց ընթացքում առաջադրվել են նախագահի թեկնածուներ: Ինչպես եւ սպասվում էր, «Բատկիվշչինա»-ն պետության բարձրագույն պաշտոնի թեկնածու է առաջադրել կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյին, «Ազատությունը»՝ իր ղեկավար Օլեգ Տյագնիբոկին: Ռեգիոնների կուսակցությունը մի քանի հավակնորդներից կանգ է առել Դոբկինի թեկնածության վրա: ՈՒԴԱՌ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն, ով ավելի վաղ առաջինն էր հայտարարել իր նախագահական հավակնությունների մասին, հրաժարվել է նախկին պլաններից՝ որոշելով պաշտպանել խորհրդարանի պատգամավոր օլիգարխ Պյոտր Պորոշենկոյին, որը նախագահական մրցավազքը կսկսի որպես ինքնաառաջադրված թեկնածու: Կլիչկոն ինքը հայտարարել է Կիեւի քաղաքագլխի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, որի ընտրությունները պետք է տեղի ունենան նախագահական ընտրությունների օրը՝ մայիսի 25-ին: Համագումարներում առաջադրված բոլոր թեկնածուները փաստաթղթեր են ներկայացրել ԿԸՀ:
«Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը ընտրությունների է գնում որպես ինքնաառաջադրված թեկնածու: Նրա մրցակիցները կլինեն, մասնավորապես, հայտնի բժշկուհի Օլգա Բոգոմոլեցը, սոցիալական քաղաքականության նախկին նախարար Նատալյա Կորոլեւսկայան, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն:
Գրանցվելու համար ԿԸՀ փաստաթղթեր են ներկայացրել նաեւ Գերագույն ռադայի արտաֆրակցիոն պատգամավոր Օլեգ Լյաշկոն, պատգամավոր Օլեգ Ցարյովը, եկամուտների եւ տուրքերի նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոն, երկրի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Նիկոլայ Մալոմուժը եւ Ինտերնետ-կուսակցության ներկայացուցիչ Դարտ Վեյդերը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերը պետք է քննության առնի հինգ օրվա ընթացքում՝ մինչեւ ապրիլի 4-ը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում