Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների ժամանակ գրանցվել են զոհեր և վիրավորներ
Նմանատիպ
Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները «արյունոտ» են եղել: Մարտի 30-ին տեղի ունեցած ընտրությունների ընթացքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական yurtgazetesi.com-ը, երկրի տարբեր նահանգներում տեղի ունեցած վիճաբանությունների և կռիվների հետևանքով մահացել է 8 մարդ, վիրավորվել է 27 մարդ:
Մահվան դեպքերից 6-ը գրանցվել են Շանլըուրֆայում’ երկու հակառակորդ թեկնածուների միջև տեղի ունեցած բախման արդյունքում: Մյուս երկուսը զոհվել են Հաթայի Քըրըքհան գավառում:
Քվեարկության ընթացքում թուրք իրավապահ մարմինները մեծ թվով ձերբակալություններ են իրականացրել:
Թուրքիայում հրապարակվել են մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալները: Դրանց համաձայն, ընտրություններում ձայների մեծամասնությունն ստացել է վարչապետ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: Այն ստացել է քվեների 45.56 տոկոսը: Երկրորդ տեղում է Հանրապետական ժողովրդական կուսակցությունը’ 27.91 տոկոսով, երրորդը «Ազգայնական շարժում» կուսակցությունն է’ 15.16 տոկոս: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն ստացել է 4.01 տոկոս ձայն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում