ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները Դեշչիցայի հետ կքննարկեն Կիեւին աջակցելու հարցը
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները ապրիլի 1-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցայի հետ կքննարկեն երկրում ստեղծված իրադրությունը եւ աջակցությունն ուկրաինացի գործընկերներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը:
ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարները Բրյուսելում հանդիպում կանցկացնեն ապրիլի 1-ին եւ 2-ին:
«Առաջին օրը նախարարները Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստի շրջանակներում հանդիպում կունենան նաեւ Ուկրաինայի արտգործնախարար Դեշչիցայի հետ. նրանք կանցկացնեն վերջին իրադարձություններին նվիրված կոնսուլտացիաներ եւ կորոշեն այս օրհասական պահին Ուկրաինայի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ձեւերը: Ես ակնկալում եմ, որ նախարարները կընդգծեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իր ապագան ազատ ընտրելու Ուկրաինայի ժողովրդի իրավունքը հարգելու անհրաժեշտությունը»,-հայտարարել Է դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարները չեն քննարկելու Ուկրաինային ուղղակի ռազմական օգնություն տրամադրելու հարցը եւ առանձին չեն քննարկելու Սեւծովյան տարածաշրջանի իրադրությունը:
Ավելի վաղ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ Փարիզում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը պայմանավորվել են շփման կետեր փնտրել Ուկրաինայի ճգնաժամային իրադրությունը կարգավորելու համար: «Մենք ինտենսիվ բանակցություններ անցկացրինք, առաջին հերթին, Ուկրաինայի ճգնաժամի շուրջ եւ համաձայնեցինք շփման կետեր փնտրել Ուկրաինայի իրադրության կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
«Մենք պայմանավորվեցինք աշխատել Ուկրաինայի կառավարության հետ, որպեսզի հասնենք այնպիսի առաջնային միջոցառումների իրականացմանը, ինչպիսիք են ազգային փոքրամասնությունների իրավունքների, լեզվական իրավունքների ապահովումը, սադրիչների զինաթափումը, սահմանադրական բարեփոխման իրականացումը եւ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը միջազգային անաչառ հսկողության ներքո»,- նշել է Լավրովը:
«Մենք համոզված ենք, որ դաշնայնացումը այդ բարեփոխման շատ կարեւոր բաղադրիչն է, ամենից գլխավորը Ուկրաինայի միասնության ապահովումն է երկրի՝ առանց բացառության բոլոր տարածաշրջանների շահերի հաշվառմամբ: Որպեսզի այդ երկիրը գործի որպես միասնական պետություն, անհրաժեշտ է տարածաշրջանների միջեւ գտնել փոխզիջումներ, փոխհամաձայնություն»,- հայտարարել է նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում