Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է վերահաշվարկել Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Նմանատիպ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) թեկնածու Մուստաֆա Սարըգյուլը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է վերահաշվարկել մարտի 30-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները Ստամբուլում: Այս մաին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Սարըգյուլը գտնում է, որ Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար ԺՀԿ կողմից թեկնածու առաջադրված Սարըգյուլը ոչ պաշտոնական տվյալներով’ ձայների չնչին տարբերությամբ պարտվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուակցության (ԱԶԿ) թեկնածու Քադիր Թոփբաշին:
Նրա խոսքով’ իր թիմը համարում է, որ ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովներում քվեաթերիկների հաշվարկման ժամանակ իրեն տրված ձայները վերագրվել են իր մրցակցի օգտին:
«Անհրաժեշտ է Ստամբուլում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ վերահաշվարկել: Այս ընտրություններն անցկացվեցին մեծ խախտումներով, ինչով ժողովրդավարությունն անցավ պատմության գիրկը: Եթե իշխանությունները վստահում են իրենց, ապա պետք է կատարեն իմ պահանջը», -հայտարարել է նա:
Կիրակի Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 53 մլն քաղաքացիներից մասնակցել է 42 մլն-ը: Ոչ պաշտոնական տվյալներով’ ԱԶԿ-ն ստացել է ընտրողների ձայների 45,7 տոկոսը, ԺՀԿ-ն’ 28 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը’ 15,3 տոկոսը, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը’ 6 տոկոսը:
Անցած գիշեր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց քաղաքապետական ընտրությունների հետ կապված բողոքի զանգվածային ակցիա է տեղի ունեցել: Ակցիայի պատճառը դարձել է ԺՀԿ կողմնակիցների դժգոհությունը’ քաղաքապետի պաշտոնում իշխող կուսակցության թեկնածուի ընտրվելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում