Բրյուսելում մեկնարկել Է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների երկօրյա հանդիպումը
Նմանատիպ
ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների ԱԳ նախարարներն Ուկրաինայի ճգնաժամի համատեքստում կքննարկեն դաշինքի անդամ արեւելյան երկրների պաշտպանունակության ուժեղացման հարցերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ բացելով ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտաքին գործերի նախարարների պլանային երկօրյա հանդիպումը, որի գլխավոր թեման կդառնա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունների վերագնահատումը:
«Ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը քաղաքական եւ դիվանագիտական երկխոսությունն Է: Չեմ կարծում, թե որեւԷ մեկն այսօր շահագրգռված Է Եվրոպայում ռազմական առճակատմամբ: Սակայն մենք պետք Է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ լի ենք մեր դաշնակիցների ու մեր բնակչության պաշտպանությունն ապահովելու վճռականությամբ»,-ասել Է Ռասմուսենը:
«Մենք մտադիր ենք ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք ամբողջ աշխարհին հասկանալ կտան, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ ոչ մի սպառնալիք արդյունք չի տա»,-հայտարարել Է Ռասմուսենը: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նա նաեւ խոստացել Է, որ նախարարները կքննարկեն «երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինային քաղաքական եւ գործնական աջակցություն ցուցաբերելու հարցը»:
Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է իր կազմում ընդգրկել ցանկացած եվրոպական երկիր: «ԱՄՆ-ը միանում է իր դաշնակիցներին եւ հավաստում, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են ցանկացած եվրոպական երկրի համար, որը կարող է ստանձնել անդամության պարտավորություններն ու պարտականությունները, ինչպես նաեւ կարող է ավանդ ներդնել եվրատլանտյան տարածաշրջանի անվտանգության գործում»,- ասել է Քերին: Դրա հետ մեկտեղ պետքարտուղարը չի նշել ՆԱՏՕ-ին միանալու կոնկրետ թեկնածուներին:
Քերիի հայտարարությունը նվիրված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման հաջորդական փուլերի տարեդարձերին: 1999 թվականի մարտին դաշինքին անդամակցել են Հունգարիան, Լեհաստանը եւ Չեխիան, 2004 թվականի մարտին՝ Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան, իսկ 2009 թվականի ապրիլի 1-ին ՆԱՏՕ-ի անդամներ են դարձել Ալբանիան եւ Խորվաթիան:
Քերին հայտարարել է, որ ռազմական դաշինքը «ժողովրդավարություն, բարգավաճում ու կայունություն է տարածել Եվրոպայում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում